Այսօր հրավիրված մամուլի
ասուլիսում «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների
խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը անդրադարձավ
վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց հոսանքազրկումներին:
Մասնավորապես, Կառավարության
նիստի ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց հոսանքազրկման վերաբերյալ պարոն
Դարբինյանն ասաց, որ հետաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ էլեկտրականության
անջատումը տեղի էր ունեցել ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով. «Արդյունքում
հոսանքազրկվել էր հանրապետության մոտ մեկ երրորդը և ՀԷՑ-ի պատասխանատվության
դաշտից դուրս էր»:
Նրա խոսքով՝ ԲԷՑ-ում կատարվող
աշխատանքների պատճառով էլէներգիայի անջատումը կարճատև է լինում՝ մոտ 15-20 րոպե,
սակայն ժողովրդի մոտ մեծ արձագանք է ստանում, քանի որ տեղի է ունենում մասշտաբային
անջատում. «Երևան քաղաքի կեսը անջատվում է, Արմավիրի մարզի կեսը անջատվում է»:
Ինչ վերաբերում է օգոստոսի 7-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական
թատրոնում ներկայացման ժամանակ էլէներգիայի անջատմանը, բանախոսը նշեց, որ մինչ այդ
էլ այնտեղ մի քանի անգամ հոսանքազրկումներ էին տեղի ունեցել: «Մեր ընկերությունը
մի քանի ստուգայցերի ընթացքում պարզել էր, որ խնդիրը իրենց բալանսում գտնվող
տրանֆորմատորի թերության հետ է կապված»,- ասաց նա և հավելեց, որ թատրոնը անտեսել
էր իրենց մասնագետների՝ տրանսֆորմատորներից մեկը փոխելու կարծիքը, և դեռ ավելին՝
որոշել էին ՀԷՑ-ին մեղադրել:
Պարոն Դարբինյանն
անդրադարձավ նաև Աբովյանի մարզադաշտում տեղի ունեցած հոսանքազրկմանը, ինչի
առնչությամբ էլ ասաց, որ տրանսֆորմատորը ՀՖՖ-ի դիմումի հիման վրա էր անջատվել, և
ամբողջ բեռն ընկել էր մեկ տրանսֆորմատորի վրա, որը չդիմանալով ծանրաբեռնվածությանը՝ անջատվել էր:
«Մի քանի օր առաջ էլ
համակարգից դուրս եկավ ՀԱԷԿ-ը, որի հետևանքով հոսանքազրկվեցին Երևանի մի շարք
վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները: Բոլորիդ հայտնի է դեպքը,
բայց ի վերջո հոսանքազրկվում են մեր բաժանորդները»,- ասաց Դարբինյանը: