Բերդի նախկին համայնքապետը, որդին և կինը հրավիրվել են դատախազություն

Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը, նրան փոխկապակցված ևս մի քանի անձ՝ կինը՝ Նաիրա Մանուչարյանը, որդին՝ Անուշավան Մանուչարյանը, սեպտեմբերի 24-ին հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Civic.am-ը «Ազդարար»-ում զետեղված՝ նրանց ուղարկված ծանուցագրերից տեղեկացավ, որ հիշյալ անձանց պատկանող գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Մանուչարյանները պետք է ներկայանան դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:


Նշենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում է Հարություն Մանուչարյանի և Անուշավան Մանուչարյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված  մեղադրական եզրակացությունը։  Դրանում մասնավորապես նշված է, որ Մանուչարյանը չի կանխել իր որդու՝ Անուշավան Մանուչարյանի կողմից Բերդ քաղաքի Խորենացու փողոցի 16/6 հասցեում գտնվող, իրեն պատկանող հողամասում մոտ 240 քմ մակերեսով եռահարկ առանձնատուն, դրան հարակից ավտոտնակ և ծածկ ինքնակամ կառուցելը։ 2022 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ այն դեպքի առթիվ, որ Հարություն Մանուչարյանը, 2012 թ. նոյեմբերի 10-ից զբաղեցնելով Բերդ քաղաքի քաղաքապետի, իսկ 2017 թ. նոյեմբերի 11-ից՝ համայնքների խոշորացումից հետո, Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր ծառայողական պարտականությունը ժամանակին չի կատարել՝ մասնավորապես ունենալով ինքնակամ շինարարության հետևանքների վերացումն օրենքով սահմանված կարգով ապահովելու, ապօրինի հողօգտագործումը կասեցնելու և վերացնելու  լիազորություն, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները։


Մանուչարյանի որդին, ըստ մեղադրանքի,  2015 թ.-ից Մ. Խորենացի փողոցում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շուրջ 3 մետր բարձրությամբ 105 քմ մակերեսով պարիսպ է կառուցել, այնուհետև 2016 թ.-ին շուրջ 750 քմ մակերեսով առանձնատուն կառուցել։ Այնուհետև վերջինիս  դիմումի հիման վրա 23.02.2017 թ.-ին նրան տրամադրել է արդեն իսկ ապօրինի կառուցված շենք- շինությունների վերաբերյալ ճարտարապետահատակագծային առաջադրանք, 13.03.2017 թ.-ին նրան տրամադրել է արդեն իսկ ապօրինի կառուցված պարսպի և շինության կառուցման շինթույլտվություն։ Հարություն Մանուչարյանը, շարունակելով պաշտոնեական դիրքի չարաշահմանն ուղղված հանցավոր գործողությունները մի շարք այլ անձանց հետ, 15.10.2019 թ.-ին կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը, թե իբր Տավուշի մարզի Բերդ համայնքի Խորենացի փողոցի 16/1 հասցեում կառուցապատումն իրականացվել է 14.05.2017 թ.-ից մինչև 14.10.2019 թ.՝ տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա, այնուհետև նույն օրը կազմել և իր ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է «Շահագործման թույլտվության» ակտը, տրամադրել է որդուն՝ Անուշավան Մանուչարյանին, որի հիման վրա վերջինս դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե և 2015-2016 թթ. ապօրինի կառուցված շենք-շինությունների համար ստացել է թիվ 12122019-11-0048 համարի սեփականության վկայականը։


Մեկ այլ քրեական գործով էլ ՀՀԿ-ական, համայնքը ավելի քան 10 տարի կառավարած Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականի նոյեմբերի 10-ից զբաղեցնելով Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետի, իսկ 2017 թվականի նոյեմբերի 11-ից՝ համայնքների խոշորացումից հետո, Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Բերդ համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Նախկին համայնքապետի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց գրավը։


Իրեն երբեք հարուստ մարդ չհամարած նախկին համայնքապետ Մանուչարյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնեական լիազորությունները դադարեցնելու օրվա (13/11/2022 թ.) դրությամբ հայտարարագիրը և 9 անշարժ գույք է հայտարարագրել Բերդում։ Մասնավորապես երկու անհատական բնակելի տուն, երկու բնակարան բազմաբնակարան շենքում, միանձնյա  սեփականությամբ արտադրական նշանակության շինություն,  համատեղ սեփականությամբ հասարակական շինություն, հողամաս, որպես շարժական գույք՝ երկու մեքենա՝ բեռնատար և անվավոր մեքենա կամ մեխանիզմ։


Հ. Մ.