Կյանքից հեռացել է փիլիսոփա, թարգմանիչ Կարեն Սվասյանը

76 տարեկանում մահացել է հայ փիլիսոփա Կարեն Սվասյանը։ Նա եղել է փիլիսոփայության պատմության, մշակութաբանության և գիտելիքի տեսության մասնագետ, ինչպես նաև գրականագետ և թարգմանիչ։



Ինչպես գրում է svoboda.org-ը, Սվասյանի մահվան մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է բանասեր Նիկոլայ Պոդոսոկորսկին։



1985 թվականին Կարեն Սվասյանը դարձել է Երևանի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1997 թվականին աշխատել է Ինսբրուկի համալսարանում՝ որպես հրավիրյալ պրոֆեսոր։ 1993-2024 թվականներին նա ապրել է Բազելում՝ որպես ազատ գրող և ասիստենտ, դասախոսություններ է կարդացել Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։ Նա գրել է հիմնականում ռուսերեն և գերմաներեն, նշում է հրատարակությունը։


Սվասյանը հայտնի է որպես Ֆրիդրիխ Նիցշեի երկհատորյա ժողովածուների կազմողը, խմբագիրը և թարգմանիչներից մեկը։


Սվասյանի հեղինակությամբ հրատարակվել է մի քանի գիրք, այդ թվում՝ «Գյոթեի փիլիսոփայական աշխարհայացքը» (1983թ.), «Լռության ձայներ. Ռիլկե, Վալերի, Բլոկ, Չարենց, Նարեկաց», Գյոթե» (1984 թ.), «Նիցշե կամ ինչպես են դառնում Աստված». երկու վարիացիա մեկ ճակատագրի համար» (1999թ.):