Ընտրական իրավունք ունեցողները այլևս թղթային ծանուցումներ չեն ստանա, իսկ ընտրացուցակները կլինեն հրապարակային

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։


 

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստում ներկայացրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առնչվում է ընտրական ցուցակների հրապարակմանը։


 

Առաջարկվող կարգավորումով նախատեսվում է ընտրական ցուցակները ընտրություններից 40 օր առաջ, արտահերթ ընտրություններից 20 օր առաջ՝ էլեկտրոնային փնտրման հնարավորությամբ, իսկ վերջնական թարմացված ցուցակները ընտրություններից 7 օր առաջ տեղադրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։

 

Սահմանվում է նաև ընտրացուցակներում ընտրողի վերաբերյալ հրապարակվելիք տեղեկատվության ցանկը՝



Անուն, ազգանուն, հայրանուն,

Ծննդյան օր, ամիս և տարեթիվ,

Հաշվառման հասցե,

Քվեարկության օր ու ժամ,

Տեղամասային կենտրոնի հասցե։

Սա ամբողջական տեղեկատվությունն է, որն անհրաժեշտ է անձի մասնակցությունը ընտրությանն ապահովելու համար։ Առաջարկվում է հրաժարվել թղթային տեղեկացումների նախկին համակարգից, որն էական ծախսեր է նախատեսել պետական բյուջեի համար և գործում էր 2006 թվականից ի վեր։