Մեր պատգամավորները պետք է անդրադառնան նաև հանցագործությունների բացահայտելիությանը. Դա 90%-ից ավելի է. Քյարամյան

Երբ պարեկային ծառայությունը մասնակի ներդրվեց տարբեր մարզերում, մարզային վարչություններից արձագանքներ էինք ստանում, որ խոշոր մարզերում՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, ամսական կտրվածքով 60-70 դեպքով աճում էր հանցավորության ցուցանիշը: Սրանք հիմնականում թմրանյութեր պահելու, սառը զենքեր և առհասարակ զենքեր պահելու դեպքեր էին: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ ներկայացնելով վիճակագրությունը, թե ինչը կարող է ազդել հանցավորության աճի վրա:


«Սա գնահատման տեսանկյունից շատ լավ է, որովհետև այդ դեպքերն օբյեկտիվ իրականության մեջ, այսպես թե այնպես, եղել են, բայց այդ դեպքերը սկսել են բացահայտվել և հանցավորության ցուցանիշի վրա սկսել են ազդել այն ժամանակ, երբ ավելի պրոֆեսիոնալ ոստիկաններ են ներդրվել»,- ասաց Քյարամյանը և հավելեց, որ ոստիկանության ու իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմը բերում է հանցավորության լատենտայնության նվազման:


Ըստ Քյարամյանի՝ հանցագործությունների թվից պետք է հանել նաև դեպքերը, որոնք հարուցվել են, բայց հետագայում պարզվել է, որ հանցագործություն չկա: