ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից ստեղծված Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցը վստահելի ուղեկից կդառնա պոտենցիալ ներդրողների համար: Այս մասին ուղեցույցի շնորհանդեսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նա նշեց, որ Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցը ուղղված է զբոսաշրջության և տնտեսության հարակից ոլորտներում ներդրումային դաշտի, իրավական կարգավորումների, վերջին տարիներին գրանցված զարգացումների և ձեռքբերումների, ներդրումային ծրագրերի ու հնարավորությունների, զբոսաշրջային ներուժի, թիրախային ուղղությունների և այլ առնչվող հարցերի ներկայացմանը։
Պապոյանն ընդգծեց՝ այսօր ուղեցույցն առավել քան արդիական է, քանի որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը, որով նախատեսվում է կարգավորել քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին և սուբյեկտերին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը և մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված հարցերը:
«Միաժամանակ, վերջնականացման փուլում է գտնվում նաև Հայաստանի զբոսաշրջության զարգացման հնգամյա ռազմավարությունը, որով հստակ սահմանվում են առաջիկա տարիների տեսլականն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ առաջնահերթ զարգացման ենթակա և ներդրումներ պահանջող ոլորտների նախանշմամբ։ Եվ այսօր Զբոսաշրջային ներդրումային ուղեցույցը ևս համալրում է այս ցանկը»,-նշեց Պապոյանը:
Նա վստահեցրեց՝ այն վստահելի ուղեկից կդառնա պոտենցիալ ներդրողների համար՝ միաժամանակ նպաստելով ինչպես մեր երկրի՝ միջազգային կապիտալի համար գրավիչ և զբոսաշրջային ներդրումների համար հեռանկարային ուղղության դիրքավորմանը, այնպես էլ մեր բազմաթիվ նոր նախաձեռնությունների ու ծրագրերի ի կատար ածմանը։
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին ընդգծելով ոլորտի կարևորությունը Հայաստանի համար, նշեց, որ երկիրը դեռ շատ անելիքներ ունի: Նրա խոսքով՝ Հայաստանում շատ են ներդրումները և վստահ է, որ առաջիկայում ուղեցուցի շնորհիվ դրանք էլ ավելի կշատանան:
«Սա արդեն երկրորդ ներդրումային ուղեցույցն է Եվրոպայում, մենք նման ուղեցույցներ պատրաստում ենք զարգացող երկրների համար, որոնք օտարերկրյա ներդրողների կարիք ունեն: Վարչապետի հետ հանդիպման ընթացքում հասկացա, թե ինչպես է նա երկրում սատարում զբոսաշրջության ոլորտին, նրա ներկայությունը ազդակ է ցանկացած ներդրողի համար այն իմաստով, որ յուրաքանչյուրը, ով կցանկանա Հայաստանում ներդրումներ իրականացնել, կստանա պետության ղեկավարի անմիջական աջակցությունը»,-նշեց Պոլոլիկաշվիլին:
Ուղեցույցը մշակվել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի համագործակցությամբ: