Մոտ 1,5 ամիս առաջ Երևանի Պարույր Սևակ փողոցում գտնվող 12 հարկանի շենքը պայթեցնելու մասին «Ազատություն» ռադիոկայանը
ռեպորտաժ էր պատրաստել։ Կառուցապատողը պատրաստվում էր շենքի տարածքում նոր շենք կառուցել։
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողին թույլտվություն տվել էր, սակայն շենքը հարկ
հարկ ապամոնտաժելու, այլ ոչ՝ պայթեցնելու համար։
Շենքի պայթեցման պատասխանատու Վազգեն Պետրոսյանը «Ազատության» եթերում հայտարարեց,
որ միանշանակ պայթեցնելու են շենքը, չնայած նրան, որ շենքի հարևանությամբ նորակառույց
բնակելի շենքեր կան։
Վազգեն Պետրոսյանը եթերում հայտարարեց նաև․ «Վատագույն դեպքում կարող է ինչ-որ
մի քար, ինչ-որ մի տեղից թռնի և 300, 400 կամ 500 մետրի վրա կպնի մեկի գլխին և ցավացնի
կամ ինչ-որ մի բան լինի, դրա համար մենք հրավիրում ենք շտապօգնության մեքենա»։
Ամիսուկես անց պայթեցնող ընկերությունը կատարեց իր խոստումը։ Շենքը չպայթեցվեց,
սակայն ճոպանների միջոցով քաշելով ընկերությունն այն շուռ տվեց, որի թույլտվությունը
քաղաքապետարանից չէր ստացել։ Համացանցում հայտնվեցին շենքը փլուզելու բազմաթիվ հոլովակներ,
որտեղ երևում էր փոշու մեծ ամպ՝ հարակից փողոցները, մեքենաները, շենքերը հայտնվել էին
փոշու հաստ շերտի տակ, իսկ բնակիչներն անգամ չէին տեղեկացվել, որ շենքը այդ ժամին փլուզելու
էին։ Հոլովակներից ակնհայտ է դառնում, որ հարևանությամբ փողոցով անցնող քաղաքացիներ
կան, որոնք անակնկալի են գալիս շենքի փլուզումից ու ստիպված են լինում վազելով փախչել
մոտեցող փոշու մեծ ամպից, իսկ շենքը փլուզող աշխատակիցներն անգամ սաղավարտներ չեն կրում։
Դեպքից հետո ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ դեպքի առիթով իրավապահ կառույցը վարույթ սկսելու ուսումնասիրություն է սկսել։
Դատախազությունը ընթացք է տվել հրապարակումներին, որի արդյունքում Քննչական կոմիտեն նախաձեռնել է վարույթ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ
քրեական օրենսգրքի 366-րդ հոդվածի առաջին մասով՝ 1.
Արդյունաբերական, գյուղատնտեսական, քաղաքաշինական, գիտական կամ այլ նշանակության
օբյեկտները նախագծելու, տեղաբաշխելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու,
շահագործման հանձնելու, շահագործելու կամ շահագործումից հանելու ընթացքում շրջակա
միջավայրի պահպանության օրենսդրության պահանջն իրավասու անձի կողմից խախտելը, եթե
դրա հետևանքով առաջացել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական
աղտոտվածության, շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության
սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, կենդանական աշխարհի կամ բուսական
աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային
ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի
ժամկետով: Մեղադրյալներ դեռևս ներգրավված չեն։
Վովա Հակոբյան