Իրավիճակը որոշակիորեն բարելավվել է. 12 կմ-ից 7-ում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են. Վարչապետը՝ նաև նախօրեին տեղի ունեցած աղաղակող միջադեպի մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվում էին Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ: Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ Միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»,- այսօր՝ ապրիլի 6-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխության և երկու կողմերի սահմանապահների տեղակայման ընթացքում ի հայտ եկած քարտեզների տարընթերցման մասին՝ վարչապետը նշեց. «Ըստ մեր գնահատականի՝ որոշ տեղերում ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է. 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»:
Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, հայկական կողմի տրամադրվածությունը եղել է և շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափումը: