«Որոշ երկրներ չեն նշում ագրեսորի ու զոհի տարբերությունը և բոլոր կողմերին են դեէսկալացիայի կոչ հղում». Բլինքենը՝ Պուտինի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «շարունակում է կեղծ պնդումը», թե «Ուկրաինան իսկական պետություն չէ և շահագրգռված չէ իսկական խաղաղությամբ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցով:


«Պուտինը շարունակում է հերքել, որ ուկրաինացի ժողովուրդն ունի սեփական ինքնություն։ Պուտինի աչքում ուկրաինացի ժողովուրդը, ինչպես հենց ինքը՝ Ուկրաինան, գոյություն չունի»,- նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։


Բլինքենն ընդգծել է, որ Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ դիվանագիտությունն այս պատերազմին վերջ տալու միակ միջոցն է, և որ ինքը պատրաստ է բանակցություններ վարել։


«Այն դեպքում, երբ Պուտինը հետաքրքրված չէ այդպիսի խաղաղությամբ՝ վերջերս հայտարարելով, որ Ռուսաստանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան դուրս բերի իր զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից։ Այսինքն՝ երբ Ուկրաինան նահանջի սեփական տարածքից»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։


Բլինքենը նշել է, որ այն, թե ինչպես է Անվտանգության խորհուրդը ձգտում վերջ տալ պատերազմին, նշանակություն ունի, և ՄԱԿ-ի կանոնադրությունն այս հարցում շատ հստակ է: Նա ընդգծել է, որ «մենք պետք է ձգտենք այնպիսի աշխարհի, որը կաջակցի, այլ ոչ թե կխարխլի ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները»:


Բլինքենի խոսքով՝ նիստին որոշ երկրներ ներկայացրել են իրենց առաջարկները, նրանցից մի քանիսը չեն հիշատակել ՄԱԿ-ի կանոնադրությունը կամ դրա սկզբունքները, չեն նշել ագրեսորի և զոհի տարբերությունը և բոլոր կողմերին են դեէսկալացիայի կոչ արել:


«Այս բոլոր առաջարկները կպարգևատրեն Պուտինի ագրեսիան, թույլ կտան նրան հանգստանալ, վերազինվել և կրկին ներխուժել Ուկրաինա, ինչպես նա դա արել է նորից ու նորից»,- ասել է Բլինքենը: