ՆԱՏՕ-ն մշակում է առաջնագծից վիրավորների տարհանման պլան՝ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում

ՆԱՏՕ-ի լոգիստիկ հարցերով հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զոլֆրանկը հայտնել է, որ Դաշինքը մշակում է առաջնագծից վիրավորների լայնածավալ տարհանման պլան՝ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում, գրում է Daily Mail-ը։


Գերմանացի գեներալը նախազգուշացրել է, որ ի տարբերություն Աֆղանստանում և Իրաքում դաշնակիցների փորձի, ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի հետ տոտալ պատերազմը, ըստ ամենայնի, մեծ կորուստներ կբերի հսկայական մարտադաշտում:


Ավելին, հաշվի առնելով Ռուսաստանի հզոր ռազմաօդային ուժերը և նրա հրթիռային զինանոցը՝ ինքնաթիռների օգնությամբ բժշկական տարհանումը կարող է չափազանց ռիսկային լինել, ինչը կարող է ՆԱՏՕ-ի զորքերին ստիպել օգտվել հոսպիտալային գնացքներից՝ վիրավորներին զանգվածաբար դուրս բերելու համար:


 Զոլֆրանկի նախազգուշացումը հնչել է այն ժամանակ, երբ գերմանացի զինվորականները հայտարարել են, որ Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի երկրների վրա սպասվում է արդեն 2029 թվականին: