Նյու Յորքի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. Նա անօրինական նվիրատվություննե՞ր է ստացել Թուրքիայից

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի գործով դաշնային հետաքննության շրջանակներում, գրում են The New York Times-ը և CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։


Մեղադրական եզրակացության էությունը հայտնի չէ։ The New York Times-ի տեղեկություններով՝ դաշնային հետաքննությունն առնչվում է Ադամսի՝ թուրքական կառավարության հետ կապված մարդկանց կողմից նվիրատվությունների հնարավոր ստացման հետ:  


Քաղաքապետի նկատմամբ հետաքննությունը, ըստ The New York Times-ի, սկսվել է դեռևս 2021 թվականին, երբ Մանհեթենի դաշնային դատախազները ստուգում էին, թե արդյոք Ադամսը ճնշո՞ւմ է գործադրել հրշեջ ծառայության պաշտոնատար անձանց վրա, որպեսզի վերջիններս հավանություն տան թուրքական կառավարության համար նոր բարձրահարկ հյուպատոսության շենքի բացմանը: Քննիչները նաև պարզում են, թե արդյոք Ադամսը ստացե՞լ է անվճար թռիչքներ և Turkish Airlines ավիաընկերությունում, որը մասամբ պատկանում է Թուրքիայի կառավարությանը, սպասարկման դասի բարձրացում:


Ինչպես նշում է The New York Times-ը, երբ մեղադրական եզրակացությունը հրապարակվի, Ադամսը կդառնա Նյու Յորքի առաջին քաղաքապետը, ում կառաջադրվի դաշնային մեղադրանք պաշտոնավարման ընթացքում:


Ադամսի խոսքով՝ քաղաքապետի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում ինքն այցելել է միայն Իսրայել և Կատար: Նա հայտարարել է, որ իրեն թիրախավորել են, և որ ինքն անմեղ է ու մեղադրանքի դեպքում կպայքարի «բոլոր ուժերով»: