Ինչ են խոսել Զելենսկին ու Թրամփը

Ուկրաինայի նախագահը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից: Վոլոդիմիր Զելենսկին բովանդակալից է որակել հանդիպումը:


 

«Նրան ներկայացրի հաղթանակի ծրագիրը: Քննարկեցինք Ուկրաինայում իրավիճակը և պատերազմի հետևանքները: Շնորհակալ եմ այս հանդիպման համար: Արդար խաղաղություն է անհրաժեշտ»,- գրել է Զելենսկին տելեգրամյան ալիքում:


 

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքն ու Թրամփը համակարծիք են. պատերազմը պետք է դադարեցվի։ «Պուտինը չի կարող հաղթել. պետք է հաղթեն ուկրաինացիները»,- հավելել է Զելենսկին:

 


Երեկ Ուկրաինայի նախագահի հետ փակ ձևաչափով հանդիպմանն ընդառաջ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է աշխատել Մոսկվայի, Կիևի, ինչպես նաև դեմոկրատների հետ՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին: Նախկին նախագահը նշել է, որ Ուկրաինան անցնում է դժոխքի միջով: Թրամփը հույս է հայտնել, որ նախագահի ընտրությունում հաղթելու դեպքում մինչև իր երդմնակալությունը «լավ» և «արագ» լուծում կգտնի երկու կողմի համար։ Նա հերթական անգամ վստահեցրել է, որ լավ հարաբերություններ ունի ինչպես Զելենսկու, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 


Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Զելենսկուն ընդունել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը, խոստացել շարունակել Կիևին աջակցությունը: