ԱՄՆ-ում ռուս դիվանագետների հասցեին «ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ
են հնչում», լրագրողներին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի
Անտոնովը։
Նրա խոսքով՝ «դիվանագետների համար երկրում աշխատելն ավելի է
դժվարանում» ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին, որոնք պետք է կայանան
նոյեմբերի 5-ին։
«Դա են հաստատում ագրեսիվ ցույցերը՝ սադրիչ կարգախոսներով և
մեր երկրի ղեկավարության հասցեին վիրավորանքներով, ինչպես նաև ֆիզիկական հաշվեհարդարի մասին սպառնալիքներով՝ ուղղված դիվանագետներին և
անձամբ դեսպանին»,- ասել է Անտոնովը։
Նա նշել է, որ ռուսական կողմը սկսում է «ավելի հաճախ» լսել մեղադրանքներ իր
հասցեին ԱՄՆ ներքին քաղաքականությանը միջամտելու վերաբերյալ։ Միաժամանակ,
Վաշինգտոնը «Մոսկվային համապատասխան ապացույցներ չի ներկայացնում»։
Դեսպանն ընդգծել է, որ եթե Ռուսաստանի հասցեին «քարոզչական մեղադրանքները»
«օճառի պղպջակի պես պայթեն», ապա երկրի դեմ պատժամիջոցները կշարունակեն գործել։