ՀՀ–ում ուսուցիչների կվերապատրաստեն արհեստական բանականության հիմունքներ դասավանդելու համար

Հայաստանում կսկսեն ուսուցիչների վերապատրաստել արհեստական բանականության (AI) հիմունքներ դասավանդելու համար։ Այդ նպատակով «Synopsys» ընկերությունն այսօր հուշագիր կնքեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։


Դասընթացը, որը պատրաստել են «Synopsys»–ի մասնագետները, քննարկվել է ամերիկահայ մասնագետների հետ, փորձնական ներդրման համար հաստատվել ԿԳՄՍՆ–ի կողմից և արդեն երեք տարի է, ինչ դասավանդվում է Հայաստանի 6 դպրոցում։ Այժմ ցանկանում են ընդլայնել դպրոցների ցանկը։


Նախարարներ Ժաննա Անդրեասյանը և Մխիթար Հայրապետյանը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ կարևորեցին Հայաստանի կրթական համակարգը նոր գիտելիքներով հարստացնելու գաղափարը, որպեսզի վաղվա շրջանավարտները մրցունակ լինեն աշխատաշուկայում:


Հայրապետյանը նաև բարձր գնահատեց մասնավոր հատվածի նախաձեռնությունը, որը ստեղծում է երկուստեք շահեկան մոդել՝ զարգացնելով մարդկային կապիտալը երկրի համար և ստեղծելով մասնագետներ իր համար: