Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի հայտարարությանն արձագանքելու համար, որում վերջինս ոչ կոռեկտ բառապաշարով է արտահայտվել ուսուցիչների հասցեին՝ մասնավորապես տարանջատել «նիկոլականներ»-ի, անվանել «վտանգավոր կենդանատեսակ», civic.am-ը դիմել է ԿԳՄՍ նախարարություն։ Խնդրել էինք, որ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանն արձագանքեր Ղազարյանի վերոհիշյալ հայտարարությանը։ Ի պատասխան հարցման՝ նախարարությունից հայտնել են. «ՀՀ կառավարությունը հետևողական քաղաքականություն է վարում ուսուցչի մասնագիտությունը, հանրային դերն ու հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ: Դրան են ուղղված Կառավարության ծրագրով նախաձեռնված մի շարք գործողություններ.
կամավոր ատեստավորում, որի շրջանակում դրական արդյունք ցուցաբերած
մանկավարժները ունենում են դրույքաչափի բարձրացում՝ 200 հազար ՀՀ դրամ, որին ավելանում
է նաև 30-50 տոկոս հավելավճարը՝ ըստ հավաքած միավորների
մինչև 100 աշակերտ ունեցող
գյուղական դպրոցների այն ուսուցիչներին, որոնք մեկ դրույքից պակաս զբաղվածություն ունեն,
տրվում է հավելավճար՝ մեկ դրույքը լրացնելու չափով
ԲՏՃՄ (բացառությամբ մաթեմատիկայի)
առարկաներ դասավանդող բոլոր ուսուցիչներին տրվում է 25 տոկոս հավելավճար
որակավորման տարակարգի մեխանիզմի փոփոխությունը, որով տարակարգ
ստացած ուսուցչին 5 տարի ժամկետով տրվում է հավելավճար. առաջին աստիճանի որակավորման
տարակարգի համար՝ ուսուցչի աշխատավարձի 10 տոկոսի, երկրորդ աստիճանի տարակարգի համար՝
ուսուցչի աշխատավարձի 20 տոկոսի, երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար՝ ուսուցչի
աշխատավարձի 30 տոկոսի, իսկ չորրորդ աստիճանի տարակարգի համար՝ ուսուցչի աշխատավարձի
50 տոկոսի չափով:
ԲՏՃՄ ուղղություններով մանկավարժական կրթություն ստացող ուսանողներին
տրամադրվում է 70 հազար դրամ կրթաթոշակ։
Նշված ծրագրերի
արդյունքում նախորդ ուսումնական տարում 3000 նոր ուսուցիչ է ընդգրկվել համակարգում,
ինչը վկայում է, որ մարդիկ արձագանքում են Կառավարության քաղաքականությանը:
Նշենք, որ
Կառավարությունը նաև հետևողական քաղաքականություն է վարում տարիներ շարունակ դպրոցների
կուսակցականացման և տարաբնույթ գործընթացներում ներգրավվածության ավանդույթները արմատախիլ
անելու նպատակով: Սրան են ուղղված «Հանրակրթության
մասին» օրենքի մի շարք փոփոխություններ, որոնցում ամրագրված են քաղաքական զսպվածության
պահանջներ:
Տեղեկացնում
ենք նաև, որ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
հանդես է եկել շնորհավորական ուղերձով:
Օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալներով,
պատվոգրերով ու շնորհակալագրերով, ինչպես նաև ամփոփվել են «Տարվա լավագույնները»
2024 մրցույթի արդյունքները, անցկացվել են «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով
ուսուցչական համաժողովը, ԱՊՀ մասնակից
պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդհամագումարը՝ «Կրթությունը
փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության
մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով»:
Էդգար Ղազարյանի՝ ատելության խոսք պարունակող հայտարարության վերաբերյալ խնդրել էինք նաև ՀՀ Մարդու
իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի արձագանքը։ Մեր հարցման վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմից ուղարկված պատասխանում մասնավորապես նշած է, որ Պաշտպանն ատելության խոսքի,
բռնության կոչերի, վիրավորանքի, աժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած
դրսևորումների անթույլատրելիությանն անդրադարձել է իր 2023 թվականի տարեկան հաղորդմամբ՝ ներկայացնելով
նաև միջազգային և ներպետական իրավական չափանիշները։ «Պաշտպանը մասնավորապես նշել է, որ այդ արատավոր
երևույթները՝ անկախ նրանից, թե ում կողմից են տարածվում և թե ում են հասցեագրված, անընդունելի
են, լուրջ վտանգ են ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի
տեսանկյունից, ուստի պետք է բացառվեն հանրային խոսքից և հանրային հարաբերությունների
տիրույթից։ Ավելին, Պաշտպանը կարևորել է նաև, որ պաշտոնյաներն իրենց հանրային հարթակն
օգտագործեն խոսքի և վարքագծի ոչ իրավաչափ դրսևորումներին, այդ թվում՝ հասարակության
տարբեր խմբերին թիրախավորող արտահայտություններին ու ապատեղեկատվությանը հակազդելու
նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանության
պատշաճ համակարգ ձևավորելու տեսանկյունից առանցքային է, որ այդ հանգամանքը նկատի ունենան
նաև հանրային ճանաչում ունեցող այլ անձինք, հասարակական ու քաղաքական գործիչները։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է նաև, որ մեր հասարակությունում
առկա քաղաքական և հանրային բանավեճի մշակույթն ունի վերափոխման անհրաժեշտություն, ինչն
առաջնահերթ խնդիր է հանրային հանդուրժողականության, համերաշխության և իրավունքի գերակայության
երաշխավորման ճանապարհին։ Հարկ է նշել նաև, որ պաշտպանը հանդես է եկել նաև հայտարարություններով՝
շեշտելով, որ առանցքային է, որ պաշտոնատար անձինք, հասարակական և քաղաքական գործիչներն
ու ԶԼՄ-ները ոչ միայն չտարածեն ատելության խոսք, այլ նաև հակազդեն նման խոսքին»,- նշված
է ՄԻՊ պատասխանում։
Հ. Մ.