Թրամփը սպառնացել է հարվածել Մոսկվայի կենտրոնին. Կրեմլի արձագանքը


 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարվածել Մոսկվային։ Այս մասին նա հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։


«Ես ասացի. «Վլադիմիր, եթե դու հալածես Ուկրաինային, ես քեզ այնքան ուժգին կհարվածեմ, որ դու նույնիսկ չես հավատա։ Ես քեզ կհարվածեմ հենց Մոսկվայի կենտրոնում»։ Ասացի՝ մենք ընկերներ ենք։ «Ես չեմ ուզում դա անել, բայց ես ընտրություն չունեմ»,- պնդում է Թրամփը:

Նրա խոսքով՝ Պուտինը պատասխանել է no way (կարելի է թարգմանել որպես «ոչ մի կերպ» կամ «չի կարող պատահել»): Հանրապետականը շարունակել է. «Ասացի՝ քեզ համար շատ ցավոտ կլինի, և ես պատրաստվում եմ գլխիցդ հանել այդ (սատանայական) գմբեթները»։

Թրամփը չի պարզաբանել, թե երբ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այս երկխոսությունը, սակայն նշել է, որ Պուտինի հետ նրանք հիանալի հարաբերություններ են ունեցել, և ՌԴ նախագահը «գիտի, որ ես (անտանելի) խելագար եմ»։


Արձագանքելով ԱՄՆ նախկին նախագահ և այժմ այդ պաշտոնում թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Մոսկվայի կենտրոնին հարվածելու սպառնալիքների մասին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ դա կապված է նախընտրական քարոզարշավի հետ։


Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլում «ԱՄՆ-ում հնչում են շատ բուռն զգացմունքային հայտարարություններ»։


Պատասխանելով հարցին, թե արդյոք Թրամփը նման սպառնալիքներ հնչեցրե՞լ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի ​​բացահայտում խոսակցությունների բովանդակությունը։ «Մենք, ինչպես նախկինում, նախընտրում ենք շատ պատասխանատու դիրքորոշում հայտարարել ամենաբարձր մակարդակով տեղի ունեցող խոսակցությունների բովանդակությունը չհրապարակելու առումով»,- ասել է Պեսկովը։