ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Լաչինի միջանցքում տեղակայված անցակետում ադրբեջանական դրոշի բարձրացման արարողության մասին
Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ առանց ռուսական և հայկական կողմերի համաձայնության, տեղակայած անցակետում այսօր պետական դրոշի բարձրացման արարողություն է կազմակերպել:
«Տեղի է ունեցել դրոշի բարձրացում, ինչի մասին զեկուցվել է Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին», - ասվում է ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից նշեցին, որ ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում շեշտվել է, որ Ադրբեջանի այդ քայլը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության աղաղակող խախտում է, և ՀՀ-ն, որպես եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է այն: