Շվեդիան դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի հետ, Կանադան՝ վերանայում հարաբերությունները

Շվեդիան դադարեցնում է Վրաստանի հետ համագործակցությունը պետական ​​մարմինների մակարդակով, հայտնում է Sweden Herald պարբերականը։


Շվեդիայի զարգացման և արտաքին առևտրի համագործակցության հարցերով նախարար Բենջամին Դուսի գրավոր մեկնաբանության մեջ հստակեցվում է, որ Վրաստանում իրադարձությունների զարգացումը «վաղուց տագնապ են հարուցում», և որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորդների կողմից արձանագրված խախտումները հաստատում են դա։


Նշվում է, որ «ռուսամետ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է վիճելի խորհրդարանական ընտրություններում, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ են դնում ընդդիմությունը և միջազգային դիտորդները։


Կանադան, իր հերթին, կվերանայի հարաբերությունները Վրաստանի հետ՝ երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման և արդյունքների լույսի ներքո։ Այս մասին ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։


«G7-ի և Եվրոպայի մեր գործընկերների հետ համակարգմամբ և այս ընտրությունների անցկացման ու արդյունքների լույսի ներքո Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ»,- ասվում է հայտարարության մեջ:


Օտտավան պատրաստ է համագործակցել վրացական իշխանությունների հետ, եթե նրանք հարգեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և «կլուծեն ժողովրդավարությունից նահանջի խնդիրը», հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։


Կանադան անհանգստացած է ընտրողների ահաբեկման, կաշառատվության և այլ խախտումների «լայնորեն տարածված» դեպքերով, որոնց մասին հայտնել են միջազգային դիտորդները։


Օտտավան խոսում է այս փաստերի հետաքննության և «միջոցների ձեռնարկման» անհրաժեշտության մասին: