Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին հայտարարությանը

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է «հայկական կարուսելի» մասին Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին։


«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե հոկտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իբր օգտագործվել է «հայկական կարուսել», ուղղված է ընտրությունների արդյունքների վարկաբեկմանը, իրականությանը չընդունելուն: Նախագահը վարկաբեկում է էլեկտրոնային ընտրական տեխնոլոգիաները չհիմնավորված և կեղծ մեղադրանքներով, ինչն անվստահություն է առաջացրել տեխնոլոգիաների նկատմամբ»,- հայտարարել է ԿՀԸ-ն:


Հայտարարության մեջ ասվում է, որ Զուրաբիշվիլին հանրությանը հավաստիացնում է, որ ընտրությունները ամբողջովին կեղծված են և անհիմն մեղադրանքներ է ներկայացնում, ինչպես օրինակ՝ իբր մի քանի անգամ նույն ID քարտով քվեարկություն է իրականացվել։


Վրաստանի ԿԸՀ-ն միաժամանակ նշել է, որ ընտրական տեխնոլոգիաները հոկտեմբերի 26-ին աշխատել են առանց խափանումների, ինչն արձանագրել են միջազգային, տեղական դիտորդական առաքելությունները, գործընթացին հետեւող ԶԼՄ-ների ներկայացուցիչները:


Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։