ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պահանջում է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետաքննություն և այդ հարցի շուրջ խորհրդակցում է իր դաշնակիցների հետ։
«Մենք նաև ասել ենք, որ խորհրդակցում ենք
Եվրամիության մեր գործընկերների հետ, թե ինչ այլ տեսակի հետաքննություններ կարող
են լինել նպատակահարմար», - ասել է Միլլերը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում:
Միաժամանակ նա նշել է, որ
Վրաստանի կառավարության հետ հարաբերությունները դեռ ենթակա են վերանայման։
«Մենք կասեցրել ենք 95 միլիոն դոլարի
օգնությունը։ Մենք ցանկանում ենք, որ մարդկանց հիմնարար ազատությունները պաշտպանված
լինեն՝ բողոքի ակցիաների ազատությունը, իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը, որ
դրանք ոչ մի կերպ չոտնահարվեն»:
Միլլերը նաև կրկնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի
ուղերձը, որն ավելի վաղ Վրաստանի իշխանություններին կոչ էր արել թափանցիկ կերպով
հետաքննել ընտրությունների ժամանակ թույլ տրված բոլոր խախտումները։