Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակությունը տարակուսանք է առաջացնում՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն օգնելու պատրաստակամության մասին Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների ֆոնին։ Այս մասին թուրքական Hurriyet թերթին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դժբախտաբար, Անկարան շարունակում է համագործակցել Կիևի ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում: Թուրքական զենքն Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում է ռուս զինվորականներին
և խաղաղ բնակիչներին սպանելու համար: Սա չի կարող
տարակուսանք չառաջացնել միջնորդական ծառայություններ տրամադրելու պատրաստակամության
մասին Թուրքիայի ղեկավարության հայտարարությունների ֆոնին»,- ասել է նա։
Մոսկվան գնահատում է Թուրքիայի ջանքերը՝
օգնելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, ասել է Լավրովը՝ նշելով, որ հենց
թուրքական կողմն է 2022 թվականի գարնանը տրամադրել Ստամբուլի հարթակը Կիևի
ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների համար և նպաստել «հացահատիկի
գործարքի» կնքմանը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը բաց է
քաղաքական կարգավորման համար, սակայն խոսքը պետք է լինի ոչ թե ժամանակավոր հրադադարի
մասին, այլ հակամարտությունը դադարեցնելու՝ դրա սկզբնապատճառները վերացնելու
միջոցով։ Դրանց թվում են ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, Ռուսաստանի
անվտանգության կենսական շահերի համար սպառնալիքների ստեղծումը, ռուսների և
Ուկրաինայի ռուսալեզու բնակիչների իրավունքների ոտնահարումը։
«Այս պահին խաղաղությունը չի մտնում մեր հակառակորդների պլանների մեջ: Այս
տարվա հունիսին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջադրված խաղաղության
նախաձեռնությանը Ուկրաինայի պատասխանը եղավ
Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ, օդային գրոհները այլ սահմանամերձ տարածաշրջաններում
օբյեկտների վրա։ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները
համակողմանի աջակցություն են ցուցաբերում Կիևին, քննարկում են արևմտյան հեռահար
հրթիռների կիրառման հնարավորությունը Ռուսաստանի խորքերը հարվածելու համար: Վլադիմիր Զելենսկին չի
չեղարկել Մոսկվայի հետ բանակցություններն արգելող իր հրամանագիրը: Հազիվ թե նման իրավիճակում որևէ երկրի միջնորդական ջանքերը հաջողության շանս ունենան, այդ թվում՝ Թուրքիայի»,- ասել է Լավրովը։