Հայաստանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսաներն այսօր համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում է հայկական բորսայի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 4-ին Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան պայմանագիր են ստորագրել Աբու Դաբիի (ԱՄԷ) ֆոնդային բորսայի (ADX) հետ համագործակցության մասին։ Համաձայնագրի համաձայն՝ AMX-ը միանում է Tabadul Digital Exchange Hub թվային հարթակին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ AMX-ը դարձել է հարթակին միացած յոթերորդ բորսան:
«Համագործակցությունն ընդլայնում է միջազգային ներդրումային հնարավորությունները՝ ապահովելով ռազմավարական մուտք դեպի նոր շուկաներ և բարձրացնելով երկկողմանի ներդրումային գրավչությունը: Համաձայնագիրը թույլ կտա անմիջական առևտուր իրականացնել ADX-ի և AMX-ի միջև՝ օգնելով ընդլայնել ինչպես ներդրողների, այնպես էլ բրոքերային ընկերությունների հնարավորությունները: Tabadul հարթակի շնորհիվ բրոքերները հեռավար հասանելիություն կստանան երկու բորսաների շուկաներ, ինչը խթան կհանդիսանա միջշուկայական առևտրի համար և նոր հնարավորություններ կստեղծի բիզնեսի զարգացման համար: Tabadul հարթակի կողմից տրամադրվող անդրսահմանային առևտրի հնարավորությունները թույլ կտան բորսաների ներդրողներին մասնակցել միմյանց IPO–ներին, դիվերսիֆիկացնելով սեփական պորտֆելներն ու հասանելիություն ստանալով դեպի ներդրումային հնարավորությունների ավելի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ այսօր Tabadul Hub հարթակը համախմբում է մոտ 4 մլն ներդրողի և գործում է որպես դինամիկ թվային կառույց, որն առաջարկում է մուտք դեպի մի շարք միջազգային շուկաներ և հանդիսանալով առանցքային նորարարական հարթակ երկկողմանի միջշուկայական գործարքների համար՝ աջակցելով ներդրողներին Բահրեյնի բորսայում (BSE), Մուսկաթի ֆոնդային բորսայում (MSX), Ղազախստանի ֆոնդային բորսայում (KASE), Աստանայի միջազգային բորսայում (AIX), Կենտրոնական Ասիայի ֆոնդային բորսայում (CASE) և արդեն նաև՝ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։