Վրաստանի դեսպանը քննադատել է Սալոմե Զուրաբիշվիլիին Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելու համար

 Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։  


Դեսպանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ 


-Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան անձնական էջում կիսվել էր վրացական զբոսաշրջային օպերատորներից մեկի գրառմամբ, որը որոշակի կրքեր է բորբոքել հայ հասարակության շրջանում։ Ի՞նչպես կմեկնաբանեք այն։


-Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն և անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բացի այդ, մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ 


2024 թվականին Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը այդ հարաբերությունները բարձրացրել են որակապես նոր մակարդակի վրա, որն ապագայում էլ ավելի կխորացնի մեր բազմաբնույթ համագործակցությունը և դրականորեն կազդի տարածաշրջանի կայունության և զարգացման վրա։ 


Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների օրինակելի համագործակցության և վրաց և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։