ԱՄՆ նորընտիր նախագահ
Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր
Պուտինի հետ։ The Washington Post-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, մանրամասներ
է հայտնում այդ զրույցից և նշում, որ նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմը:
Հրապարակման մեջ ասվում է, որ Թրամփը Պուտինին
կոչ է արել միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիայից խուսափելու համար, ինչպես նաև
հիշեցրել է նրան «Եվրոպայում Վաշինգտոնի նշանակալի ռազմական ներկայության մասին»:
Դոնալդ Թրամփը խոսել է նաև Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտնել, որ
աջակցելու է Կիևին:
Ռուսաստանի
նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ
կիրակի հարցազրույց է տվել «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդումը վարող Պավել Զարուբինին և ընդգծել, որ Թրամփը իր
նախընտրական քարոզարշավի ընթացքում «համենայնդեպս
խոսել է խաղաղության մասին»։ «Նա չի խոսում Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու
ցանկության մասին, և դա նրան շահեկանորեն տարբերում է գործող վարչակազմից»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։