Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանը մտնում է «խորը քաղաքական ճգնաժամ», որից կարելի է դուրս գալ նոր խորհրդարանական ընտրությունների շնորհիվ, և Եվրոպան կօգնի նրան այդ հարցում։
«Վրաստանը մտնում է խորը քաղաքական ճգնաժամ, մեզ մոտ են եկել մեր եվրոպացի ընկերները, և սա լավ նշան է այն բանի, որ Եվրոպան մեզ բաց չի թողնում ձեռքից, Եվրոպայում հավատում են Վրաստանին և նրա ժողովրդին»,- ասել է նա Թբիլիսի ժամանած ԵՄ ութ երկրների խորհրդարանական կոմիտեների ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, որը չունի
ժողովրդավարական իշխանություններ. «Վրաստանում միակուսակցական կառավարում է, որը
տիրացել է երկրի բոլոր ինստիտուտներին, և արդյունքը մենք ստացել ենք անցած
միակուսակցական կեղծված ընտրություններում»։
Վրաստանի
նախագահը կարծում է, որ քաղաքական ճգնաժամից այսօր հնարավոր է դուրս գալ միայն նոր
խորհրդարանական ընտրություններ նշանակելու միջոցով. «Նոր ընտրությունների անցկացումը անհրաժեշտություն է, որպեսզի Վրաստանը ստանա լեգիտիմ խորհրդարան,
լեգիտիմ կառավարություն և լեգիտիմ նախագահ, երբ գա դրա ժամանակը»: