Ֆրանսիայի՝ էկոլոգիական անցման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում կտրուկ է արձագանքել Բաքվում ընթացող COP 29 համաժողովի բացման արարողության ժամանակ Ֆրանսիայի և Եվրոպայի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած որակումներին:
Նա նշել է, որ Ֆրանսիան անպատասխան չի թողնի այդ հայտարարությունները:
«Ֆրանսիայի և Եվրոպայի դեմ նախագահ Ալիևի կատարած արտահայտություններն անընդունելի են: Անհնար է արդարացնել ուղղակի հարձակումները մեր երկրի, նրա ինստիտուտների և տարածքների նկատմամբ: Ադրբեջանը սեփական շահերի համար է օգտագործում կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ինչը վայել չէ: Այդ հարձակումները CCNUCC-ի (Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողով) վարքի կոդեքսի կոպտագույն խախտում են: Դրանք անպատասխան չեն մնա»,- հայտարարել է Անյես Պանիե-Ռյունաշեն:
Նախարարը հայտարարել է նաև, որ այս նոր իրավիճակում, Ֆրանսիայի նախագահի և վարչապետի հետ քննարկելուց և համաձայնեցնելուց հետո, որոշել է ձեռնպահ մնալ հաջորդ շաբաթ Բաքու մեկնելուց: