Նենսի Փելոսին Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը վերահաստատել է իրենց աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
2023 թվականի մայիսի 10-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Իրինա Գասպարյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը, Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, կոնգրեսական Նենսի Փելոսիին, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլլոնին, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբ Մենենդեսին, Դեբի Դինգլին եւ Ջեն Շչեկովսկիին։
Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին ջերմությամբ հիշեց Հայաստան կատարած իր այցը` վերահաստատելով իրենց աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպման ժամանակ կարևորել է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև առկա ռազմավարական երկխոսությունը, ընդգծել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
Կողմերը փոխադարձաբար ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության առկա բարձր մակարդակը և պայմանավորվել են շարունակել քաղաքական խորհրդակցությունները և փոխադարձ այցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները։
Հայ խորհրդարանականները ընդգծել են, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, որի նպատակն է տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատումը։
Ներկայացուցիչների պալատի գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հետագայում եւս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր ձևաչափերով: