ԱՄՆ–ն վետո է դրել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա

ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում է անհապաղ, անվերապահ և մշտական հրադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել բոլոր պատանդներին։ 


Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Նշվում է, որ բանաձևի նոր նախագիծը պատրաստել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամները:


Փաստաթղթում մերժվում է պաղեստինցիներին սովամահ անելու ցանկացած փորձ, և անկլավի քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու պահանջ է ներկայացվում։ Նախագիծը նաև պահանջում է նպաստել, որ անհրաժեշտ ծավալներով մարդասիրական օգնությունն արագ, անվտանգ և անարգել հասցվի Գազա:


Կողմերից պահանջվում է ամբողջությամբ, անվերապահորեն և առանց հապաղելու կատարել 2735 բանաձևը (Ջո Բայդենի՝ փուլային հրադադարի հաստատման մասին պլանով)։


Տեքստում առանձին նշվում է պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության դերը, նախագիծը կողմերին կոչ է անում կառույցին հնարավորություն տալ կատարելու իր մանդատը:


Բանաձևի նախագիծը նաև կողմերից պահանջում է միջազգային իրավունքի շրջանակներում պահպանել պահվող անձանց նկատմամբ պարտականությունները, ինչպես նաև կոչ է անում լիովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, հատկապես քաղաքացիական անձանց և օբյեկտների պաշտպանության մասով: