Հունգարիայի վարչապետը խոսել է Եվրոպայի պարտության մասին

Ամբողջ աշխարհն արևմտականացնելու ռազմավարությունը տապալվեց, և համաշխարհային տնտեսության կենտրոնը տեղափոխվեց Արևելք, իսկ հաջորդ դարը կդառնա Եվրասիայի դար: 


Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում կայացած «Եվրասիա» համաժողովում։


«Ավարտվեց արևմտյան քաղաքակրթության գերիշխանության հինգ հարյուր տարին... Արևմտյան աշխարհում ազատական առաջադեմ գերակայությունն ավարտվեց: Այն գաղափարը, որ ամբողջ աշխարհը պետք է ապրի արևմտյան մոդելով, և որ այդ նպատակով ընտրված ժողովուրդները, տնտեսական և ֆինանսական օգուտների դիմաց, պատրաստ կլինեն դրան, ձախողվել է», - ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։


Նրա խոսքով՝ Ասիայի պետությունները ուժեղացել են և ապացուցել են, որ ունակ են բարձրանալ, գոյություն ունենալ և պահպանվել՝ որպես տնտեսական և քաղաքական ուժի անկախ կենտրոններ, ինչի արդյունքում համաշխարհային տնտեսության կենտրոնը տեղափոխվել է Արևելք, իսկ արևելյան տնտեսություններն աճում են չորս անգամ ավելի արագ, քան արևմտյան տնտեսությունները:


Օրբանը կարծում է, որ հաջորդ դարը կլինի Եվրասիայինը, քանի որ այն ամենամեծ մայրցամաքն է, որտեղ բնակվում է երկրի բնակչության 70%-ը, և որի մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում գերազանցում է 70%-ը: