Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:


Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում պետության կողմից տրամադրվող աջակցության շրջանակին: Քննարկվել են նաև առանձին ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր:


Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի  կողմից հանձնարարվել է առանձին ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում արձանագրվող խնդիրների հաշվառմամբ առանձնացնել ներդրումային և գործարար միջավայրի բարելավման համակարգային լուծում ենթադրող խնդիրները՝ այս ձևաչափով քննարկելու և դրանք հասցեագրելու նպատակով: