«Դիահերձարանը լեփ-լեցուն է, դիակները ընկած են միջանցքներում». Մոտ 100 զոհ Գվինեայում ֆուտբոլային խաղին ոստիկանության հետ բախումներից հետո


 

Գվինեայի հարավ-արևելքում գտնվող Նզերեկորե քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ ոստիկանության հետ բախումներից հետո հրմշտոցի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ։ Այս մասին հայտնում է Barron's-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին: BBC News-ը հայտնում է առնվազն 56 զոհի մասին։


Մահացածների մասին տեղեկությունը հաստատել է երկրի վարչապետ Ամադու Ուրի Բան, սակայն զոհերի թիվը նա չի նշել։


Բժիշկներից մեկը AFP-ի հետ զրույցում հայտնել է, որ տեղի դիահերձարանը «լեփ-լեցուն է», դիակները ընկած են միջանցքներում:


Մարզադաշտում անկարգությունները տեղի են ունեցել տեղի թիմի և Լաբե քաղաքի մրցակիցների խաղի ժամանակ: Դա եզրափակիչ խաղ էր, որը կազմակերպվել էր ի պատիվ երկրի ռազմական առաջնորդ Մամադի Դումբույայի. նա իշխանության էր եկել 2021 թվականի հեղաշրջման արդյունքում։


Ականատեսների խոսքով՝ հյուրընկալվող թիմի երկրպագուները վրդովվել են մրցավարի որոշումներից մեկից, որից հետո սկսել են քարեր նետել մրցավարի վրա և վազել դեպի խաղադաշտ։


Sky News-ը, վկայակոչելով Media Guinea-ն, գրում է, որ մարզադաշտում խուճապ է սկսվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Փորձելով փախչել ոստիկաններից՝ երկրպագուները շտապել են լքել մարզադաշտը, իսկ ելքերի մոտ հրմշտոց է գոյացել։


Շատերը մահացել են շնչահեղձությունից կամ փողոց դուրս գալու փորձի ժամանակ մարզադաշտի պատերից ընկնելուց: