ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին և դրանց շուրջ ստեղծված իրավիճակին։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը հիշեցրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` օրերս հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին, քանի որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակում չի եղել։ ՌԴ նախագահը նաև նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է ՀԱՊԿ ձևաչափով ընդունվող բոլոր փաստաթղթերին։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք սա չի հակասում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին ավելի վաղ արված հայտարարությանը։
Ինչ վերաբերվում է փաստաթղթերին, Փաշինյանը նշեց, որ Հայաստանը սառեցրել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներում, ինչը նշանակում է, որ չի մասնակցում ո՛չ փաստաթղթի մշակման, ո՛չ քննարկման, ո՛չ առաջարկ է տալիս, ոչ էլ առաջարկի նկատմամբ վերաբերմունք է արտահայտում։
«Մենք պարզապես վետո չենք դնում որևէ փաստաթղթի վրա, որովհետև, ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս և իրենք ինչ ուզում են, թող որոշեն։ Մենք չենք մտնում իրենց գործերի արանքը, դա էլ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ։ Բայց էլի եմ ասում, այդ թվում այս իրադարձությունների տարբերությունը և դրա արդեն հրապարակային փոխադարձ արտահայտումն արդեն ավելի ու ավելի դժվար, եթե չասեմ անհնար է դարձնում, Հայաստանի Հանրապետության վերադարձը ՀԱՊԿ-ին։ Կարծում եմ, որ այստեղ անդառնալիության կետը անցել ենք»,- եզրափակեց Փաշինյանը։