Հովիկ Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել: Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից, և անկախ մարմինը, օրենքով սահմանված կարգով համապատասխան բոլոր ընթացակարգերը և թույլտվությունը ունենալով, բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որը այդքան էլ անկախ չէ, և երբ որ այդ մարմինը այդ քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է կամ հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, և, բնականաբար, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ, և պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ տվյալ դեպքում Հայաստանի վարչապետին: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:
«Ես ասում եմ նաև, որ ՔՊ կուսակցությունը, վարչությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանին հեռացնել սեփական շարքերից, այդ թվում՝ հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով, որը, ի դեպ, նաև որպես կատարման թեզ ընդգծված է նաև ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում, և, այո՛, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի քաղաքական, բարոյական և այլ լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար: Ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: