Նոյեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 8-ից 10-ը Գյումրիում տեղի կունենան նախնական ընտրություններ, որն ընդունված է միջազգայնորեն անվանել «փրայմերիզ», որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին
Գյումրիում «Բալասանյան» դաշինքը վայր դրեց իր մանդատները, և թե՛ ավագանու անդամները,
թե՛ համայնքապետ Վարդգես Սամսոնյանը որևէ բացատրություն չներկայացրեցին, իրենց
հրաժարականների վերաբերյալ։ Այդ ամենի հետևանքով Գյումրին արդեն մեկ ամիս է քաղաքապետ
չունի։
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության Վարչության նիստից հետո Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց,
որ կուսակցության վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետեւյալ թեկնածուները. Լևոն Անանյանը,
Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը,
Կարեն Սարուխանյանը։
Վարչապետը նաև գրել է հետևյալը․
«Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն,
իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական
քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի
քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»։
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն
խնդրեցինք քաղաքագետ Արմեն Վարդանյանից։ Նա
նշեց, որ «փրայմերիզի» գաղափարը շատ լավ գաղափար
է, սա ժողովրդավարական, քաղաքական մշակույթին բնորոշ տարր է և ամբողջ աշխարհում ընդունված։
«Մեր մոտ սա նորություն է, առաջին
անգամ է կարծես թե արվում և պետք է կատարելագործել և բոլոր առումներով օգտագործել,
ոչ թե մեկ քաղաքի դեպքում, այլ կարծում եմ՝ բոլոր քաղաքների և ինչու չէ նաև համապետական
ընտրությունների դեպքում հենց այս սկզբունքով կուսակցական ցուցակները կազմել։ Որովհետև
մշտապես խնդիրներ են առաջանում տարբեր կուսակցություններում։ Մարդիկ մտածում են, որ
իրենց ավելի բարձր տեղերում պետք է հայտնվեն, ավելի շատ արժանիքներ ունեն։ Մշտապես
բոլոր կուսակցություններում այս խնդիրը կա, դրա համար պետք է այս մեթոդը, այս մեխանիզմն
աշխատեցնել և հենց ներկուսակցական ժողովրդավարության միջոցով, փրայմերիզների շնորհիվ
առաջ քաշել ամենաարժանիներին»,- ասաց Արմեն Վարդանյանը։
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան
Ղուկասյանն օրերս հարցազրույց է տվել և հայտնել,
որ մտադիր է առաջադրվել Գյումրու քաղաքապետի առաջիկա ընտրություններին։
Հարցին, թե արդյոք տարբեր քրեական
գործերով անցնող և բազմաթիվ աղմկոտ պատմությունների մեջ հայտնված Վարդան Ղուկասյանը
կկարողանա հաջողություն արձանագրել, քաղաքագետն ասաց․ «Չեմ կարծում, թե նրան կհաջողվի, բայց թող դնի, թող իր շանսերը
փորձի, մենք էլ կտեսնենք, թե ինչքան աջակցություն ունի պարոն Ղուկասյանը բնակչության
մոտ։ Որովհետև այն ժամանակվա բարքերով տեսել ենք, թե նա ինչպես է ընտրվել, ինչ ձևերով։
Հիմա լրիվ այլ իրականություն է, հիմա նա չի ունենալու իշխանական «դաբրո», պետական ռեսուրսներ
չի ունենալու, և ինչպես ինքն է ասում՝ ինքը մեծ հեղինակություն ունի և դրա շնորհիվ
է փորձելու դառնալ քաղաքապետ։ Այդ դեպքում, եթե իր հեղինակության շնորհիվ կարողանա
դառնալ քաղաքապետ, ապա դա ողջունելի է, եթե ժողովրդավարական ճանապարհով պետք է ընտրվի,
այլ ոչ կրիմինալ և այլ մեթոդներով։ Չնայած ես կարծում եմ, որ ինքը այնուամենայնիվ չունի
շանս»,- եզրափակեց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսնյութում
Լիլիթ Թադևոսյան