Օրեր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա
Գրիգորյանը ԱԺ-ում իշխանությանը մեղադրեց կոռուպցիայի մեջ՝ վկայակոչելով իշխանության
ներկայացուցիչների ազգականների ղեկավարած ընկերությունների՝ շինարարական մրցույթներում
հաղթելու հանգամանքը։ Ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ընդդիմադիր շրջանակները, նրանց հետ փոխկապակցված ընկերությունները
ավելի շատ մրցույթներում են հաղթում, հետևաբար կոռուպցիայի մասին խոսք լինել չի կարող.
բոլորն են մասնակցում մրցույթների և հաղթում։ Ալեքսանյանը օրինակ էր բերել Կապանի համայնքապետ
Գևորգ Փարսյանի հոր ղեկավարած ընկերությունը՝ նշելով, որ մրցույթների 70 և ավելի տոկոսը
համայնքում հաղթում է հենց Փարսյանի հոր ընկերությունը։ Կապանի համայնքապետն արձագանքելով
Ալեքսանյանի հայտարարությանը՝ գրել է, թե այդ
հայտարարությունն անհիմն է. փոքր թվով մրցույթներում է իր հոր ընկերությունը հաղթում։
ՔՊ խմբակցության կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը
Civic.am-ի եթերում նախ նշեց, որ Աննա Գրիգորյանի հայտարարություններն անհիմն են, իսկ
Փարսյանի հոր ընկերությունը վերջին 5 տարվա ընթացքում 4,5 մլրդ դրամի մրցույթում է
հաղթում։ «Ամբողջ տենդերների ծավալը եղել է մոտ 12 մլրդ դրամ, որից 4,5 մլրդ դրամի
մրցույթում հաղթել է Փարսյանի հոր ընկերությունը։
Ուզում եմ անդրադառնալ Աննա Գրիգորյանի հայտարարությանը, թե դա կոռուպցիա է։ Ոչ ոք
կրակը չի ընկել, որ ինչ-որ մեկի հայրն է, եղբայրն է, մորեղբայրն է»,- ասաց Ղահրամանյանը։
Պատգամավորը չի համարում, որ եթե պաշտոնյայի հետ
փոխկապակցված մեկը մրցույթում հաղթող է ճանաչվում, ապա այդտեղ կոռուպցիա կա։ Եթե կոռուպցիա
լինի, իրավապահ համակարգը կարձագանքի։
Ղահրամանյանը նկատեց, որ հաճախ մրցույթներում մասնակիցներ
չեն լինում։ Այժմ Հայաստանում շինարարական բում է, ու հաճախ շինարարական ընկերությունները
չեն բավարարում, հայտարարված մրցույթներին մասնակիցներ չեն լինում։
«Այս պահի դրությամբ էլ ընդդիմադիր քաղաքական հայացքներ
ունեցողների շինարարական ընկերությունները ամենաշատ պետական տենդերներ շահողներն են։
Եթե Վեդու համայնքապետարանի 200 միլիոնը տեսնում եք, ինչո՞ւ Կապանի համայնքապետարանի
4,5 միլիարդը չեք տեսնում։ Բայց էլի եմ ասում՝ չեմ պնդում, որ այդտեղ կոռուպցիա կա,
քանի դեռ իրավական գործընթաց չի եղել և դրա ապացույցը չկա»,- ասաց Նարեկ Ղահրամանյանը։
Նա նկատեց նաև, որ եթե Նիկոլ Փաշինյանը 2018-ին
իշխանության չգար, ապա Աննա Գրիգորյանը երբեք պատգամավոր չէր դառնա, երբեք չէր հասնի
ԱԺ ամբիոնին և երբեք նման ելույթներ չէր ունենա։
Ղահրամանյանն անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ ճանապարհի
Սյունիքի հատվածում թունելներ կառուցելու համար ներգրավվող վարկային միջոցների նախագծին
ընդդիմության դեմ քվեարկելուն և նշեց. «Սա մեր պաշտպանական մնացյալ միջոցառումներից
հետո ամենակարևոր, ռազմավարական նշանակության պրոյեկտ է։ Փաստացի մարդիկ դեմ կամ ձեռնպահ
քվեարկեցին այդ նախագծին»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան