Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում այսօր՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայտնել է, որ միջադեպի հետևանքով երկու տղամարդ է մահացել։
Mash և «112» Telegram-ալիքների տվյալներով՝ զոհվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։ Կիրիլովը հայտնի է նրանով, որ 2023 թվականից ՌԴ ՊՆ-ում ճեպազրույցներ է անցկացրել, որոնց ընթացքում, մասնավորապես, խոսել է Ուկրաինայում ԱՄՆ-ի «ռազմա-կենսաբանական գործունեության» մասին։ Baza Telegram-ալիքը գրում է, որ գեներալի հետ միասին մահացել է նաև նրա օգնական Իլյա Պ.-ն (նրա ազգանունը չի նշվում)։
Երկու ռուս զինվորականները դուրս են եկել Ռյազանսկի պողոտայում գտնվող շենքի մուտքից առավոտյան մոտ ժամը վեցին, երբ գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարքը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռումբը կա՛մ ամրացված, կա՛մ ներկառուցված է եղել ինքնագլորի մեջ: Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է մոտ 200 գրամ տրոտիլին համարժեք, հայտնել են արտակարգ ծառայությունները։
Տեղի ունեցած պայթյունի հետևանքով բնակելի շենքում կոտրվել են առաջինից երրորդ հարկերի ապակիները, վնասվել է մուտքի դուռը, տեղեկացնում են արտակարգ ծառայությունները։ Baza-ի տվյալներով՝ վնասվել է գեներալի ծառայողական մեքենան։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Գործը վերահսկողության տակ է վերցրել Մոսկվայի դատախազությունը։