Հունաստանն ամբողջովին կաջակցի Հայաստանի եվրոպամետ կողմնորոշմանը

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը տեղի ունեցավ Երևանում։ Հայկական կողմից համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նկատեց, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունը կարող է բացել նոր հեռանկարներ, որոնցից պետք է առավելագույնս օգտվեն Հայաստանն ու Հունաստանը։


Պապոյանն արձանագրեց նաև, որ Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները երկու երկրների միջև երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացման համատեղ ջանքերի հերթական ապացույցն են։


Հունական կողմից համանախագահող  Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսը նշեց, որ Հայաստանի և Հունաստանի միջև կան շատ կարևոր փոխհարաբերություններ, որոնք վերջին տարիներին էլ ավելի են ամրապնդվել։


Ապա երկու կողմերը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր, որը վերաբերում էր երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մեծացմանն ու ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև արտահանման խթանմանը։


Նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարար Պապոյանն ասաց, որ Հունաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը բխում է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունից։


Փոխնախարար Կոնստանտինոս Ֆրանգոյանիսը նկատեց, որ երկու ժողովուրդների միջև ամուր կապեր կան։ Նրա խոսքով՝ Հունաստանը 2015-2019 թվականների տնտեսական ճգնաժամից հետո վերականգնվել է և այժմ համարվում է ԵՄ ամենաարագ աճող տնտեսություններից մեկը։


«Հունաստանը շատ գայթակղիչ երկիր է օտարերկրյա ներդրումների համար։ Եթե Հայաստանն ընտրի եվրոպամետ կողմնորոշում, Հունաստանն ամբողջովին աջակցելու է այդ գաղափարին։ Հունաստանը միշտ լինելու է Հայաստանի կողքին, սատարելու է նրան այդ քաղաքականության շրջանակներում, որպեսզի մենք միասին զարգանանք ու ավելի զարգացած պետություններ դառնանք»,- ասաց Կոնստանտինոս Ֆրանգոյանիսը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան