«Երբ դուք մոլորեցնեք
մարդկանց, ես ձեզ ընդհատելու եմ»,-Factor TV-ի եթերում Երևանի նախկին և ներկա
քաղաքապետեր Հայկ Մարության-Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ հայտարարեց գործող
քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելեց, որ Մարությանը մնացել է 2021-ի մեջ:
«Երևանի քաղաքապետարանը
տարեցտարի ավտոբուսների նոր գիծ մտնելուն զուգահեռ ավելացրել է սուբսիդավորման
ծավալները: Այս տարի Երևանի քաղաքապետարանը 8.5 մլրդ դրամ սուբսիդավորել է միայն
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և իրականում դեռ 1 մլրդ հավելյալ դրամի կարիք ունի ՓԲԸ-ն:
Իրականությանը նույնպես չի համապատասխանում այն, որ միասնական տոմսային համակարգի
ներդրումից հետո այլևս չի սուբսիդավորելու: Երևանի քաղաքապետարանը մոտ 4 մլրդ դրամի
չափով ոչ միայն սուբսիդավորելու է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, այլև ավելի շատ է
սուբսիդավորելու մետրոպոլիտենը: Ամեն նոր գնած ավտոբուսի հետ Երևանի ծախսերն
ավելանում են, որի մի մասն իր վրա է վերցնում քաղաքապետարանը, մյուս մասը՝ միասնական տոմսային
համակարգը»:
Ինչպես նշեց Ավինյանը, Մարությանը նախկինում ուղիղ այս թեմաներով ասել է 180 աստիճան հակառակը և այսօր խաղում է մի նոր խաղ.
«Չգիտեմ՝ ինչ պլաններ ունի նա, դա իր գործն է: Իմ խնդիրն այն է, որ
երևանցիները կասկած չունենան, որ քաղաքապետարանն ամեն ջանք ներդնում է, որ
տրանսպորտային համակարգը բերի ամենալավ քաղաքների պատշաճ վիճակին և նվազագույն գնի
փոփոխությամբ»:
Նա հավելեց, որ 2022 թվականից այս ամբողջ համակարգը Երևանի քաղաքապետարանը շատ մեծ ինտենսիվությամբ բարեփոխում է.
«Պարոն Մարությանին որ մնար, իր տեմպերով ևս 10
տարի կտևեր»: