Մարությանը քաղաքական ֆինտիֆլյուշկեքով մոլորեցնում է. Ա 4 ֆորմատի թղթեր եք դեմ տվել մարդկանց, ինչը իրավական հետևանք չի կարող ունենալ. Ավինյան

«Ձեր քամահրական վերաբերմունքը ընտրություններին մեզ ձայն տված բոլոր քաղաքացիներին շատ վիրավորական է, որովհետև էս մարդիկ ձեզանից շատ ձայն են տվել մեզ: Իրականում իմ հարգանքը այս մյուս 70 հազար մարդկանց նկատմամբ այնքանով է արտահայտվում, որ ես այսօր այստեղ կանգնած եմ, չնայած ձեզ հետ բանավիճելու որևէ կարիք չունեմ: Այս 70 հազար մարդկանց մոլորեցնելով, սուտ ասելով, քաղաքական ֆինտիֆլյուշկեքով և շոուով ներկայացված այս գնի թանկացման թեզը կգնաք ուրիշ տեղ կպատմեք»,- Factor TV-ի եթերում Երևանի նախկին և ներկա քաղաքապետեր Հայկ Մարության-Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Նա, դիմելով երևանցիներին, կրկնեց, որ Երևանում իրականացվում են տրանսպորտային ամբողջական բարեփոխումներ.

 «Ամսական, տարեկան պրոդուկտները ամենից շատ ու հաճախ օգտվող անձանց համար էս տոմսային համակարգով տրանսպորտի գինը 100 դրամից էլ է նվազում»:


Ավինյանը, անդրադառնալով Մարությանի կազմակերպած ստորագրահավաքին ընդդեմ տրանսպորտի թանկացման, ասաց. 

«Ա 4 ֆորմատի թղթեր եք դեմ տվել մարդկանց, որը իրավական հետևանք չի կարող ունենալ. դուք դա գիտակցո՞ւմ էիք»: