«Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռը ժամանակակից նոր զենք է, և ամերիկյան ՀՕՊ համակարգերն այն խոցելու հնարավորություն չունեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծի և մեծ ասուլիսի ժամանակ։ Այսպես է նա մեկնաբանել որոշ արևմտյան փորձագետների պնդումները, թե դա հին խորհրդային սպառազինության մոդիֆիկացիա է։
Պուտինի խոսքով՝ դրանք
ժամանակակից և արդյունավետ համակարգեր են, որոնք կարող են հաղթահարել պոտենցիալ
հակառակորդի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը։ Մասնավորապես,
եթե վերցնենք Ռումինիայում և Լեհաստանում ամերիկացիների կողմից տեղակայված
հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ապա այդ հրթիռների առավելագույն
հեռահարությունը հազար կիլոմետր է, իսկ բարձրությունը՝ 500 կմ։ Խոսքը,
մասնավորապես, Լեհաստանում տեղակայված համակարգերի մասին է։ Սակայն «Օրեշնիկի» հեռահարությունն
ավելին է։ Իսկ եթե այն տեղադրվի գրավման գոտուց 2 հազար կիլոմետր հեռավորության
վրա, ապա Լեհաստանում հակահրթիռները պարզապես չեն հասնի դրանց։
Նա նաև առաջարկել է յուրօրինակ փորձ. «Թող արևմտյան փորձագետները որոշեն «Օրեշնիկի» ոչնչացման համար օբյեկտը Կիևում՝ այնտեղ կենտրոնացնելով իրենց հակաօդային պաշտպանության և հակահրթիռային
պաշտպանության համակարգերի ողջ ուժերը, իսկ մենք
կհարվածենք «Օրեշնիկով», և տեսնենք, թե ինչ կլինի: Մենք պատրաստ ենք այսպիսի փորձարկման: Սա կլինի
բարձրտեխնոլոգիական մենամարտ»։
Պուտինը կարծում է, որ օգտակար և հետաքրքիր կլինի այս «մենամարտը»
դիտելը և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար։