«Դուք արդեն թույլ առաջնորդ եք. Թրամփին հանդիպելիս ի՞նչ կարող եք նրան առաջարկել». Ամերիկացի լրագրողի հարցը՝ Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսում կտրուկ է պատասխանել ամերիկացի լրագրողի հարցին:


«Դուք չկարողացաք հասնել հատուկ ռազմական գործողության նպատակին: Շատ ռուսներ են զոհվել, այդ թվում՝ գեներալ, որը սպանվել է Մոսկվայում։ Սիրիայում տապալել են Ասադի ռեժիմը, որին դուք աջակցում էիք։ Երբ հանդիպեք Թրամփին, դուք ավելի թույլ առաջնորդ կլինեք: Ի՞նչ կարող եք դուք առաջարկել»,- Պուտինին հարցրել է NBC-ի լրագրող Քիր Հարդի Բրենան-Սիմոնսը:


Պուտինը պատասխանել է. «Դուք և նրանք, ովքեր վճարում են ձեր աշխատավարձերը ԱՄՆ-ում, շատ կցանկանայիք, որ Ռուսաստանը լիներ թուլացած դիրքերում: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը շատ ավելի ուժեղ է դարձել վերջին երկու-երեք տարիներին։ Մենք դարձել ենք շատ ավելի անկախ, մենք ամրապնդում ենք մեր պաշտպանունակությունը, մեր զինված ուժերի պատրաստականությունը. այն այժմ ամենաբարձրն է աշխարհում»։


Պուտինը նաև հայտարարել է, որ ինքը Դոնալդ Թրամփի հետ չի խոսել ավելի քան 4 տարի, բայց պատրաստ է զրուցել ամերիկացի առաջնորդի հետ։


Պուտինը հայտարարել է նաև, որ «Սիրիայում իշխանության են եկել ոչ ահաբեկիչները». «Մենք պահպանում ենք հարաբերությունները Սիրիայում քաղաքական ուժերի հետ, նրանք շահագրգռված են, որ մեր ռազմաբազաները մնան, բայց մենք մտածում ենք այդ մասին»։


Նրա խոսքով՝ Մոսկվան առաջարկել է «Խամեյմիմում և Տարտուսում գտնվող բազաները օգտագործել հումանիտար կարիքների համար»։