Առաջարկվում է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների արտադրանքի ակցիզային հարկի հետագա բարձրացումը կատարել տարեկան 10 տոկոսի չափով. ֆինանսների նախարարի տեղակալ
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է  Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով նախագծերի փաթեթը, ասաց, որ դրա կարգավորման առարկան ՀՀ-ում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է։

Եվ որպեսզի հարցն ըստ էության քննարկվի, նախարարի տեղակալը կարճ պատմական ակնարկ կատարեց վերջին երեք տարիների համար, թե ինչ տրամաբանությամբ են փոփոխվել և կիրառվում ակցիզային հարկի դրույքաչափերը։  

«Մասնավորապես, 2019 թվականին ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ 2020 թվականի հունվարի 1-ից կիրառությունից հանվեցին ակցիզային հարկի տոկոսներով արտահայտված կամ, այսպես կոչված, արժեքային դրույքաչափերը։ Որպեսզի ապրանքների գների բարձրացման պարագայում այդ գների կառուցվածքում ակցիզային հարկի կշիռը տարեցտարի չնվազի, մենք երկու գործիք ենք կիրառել։ Առաջին գործիքն այն է, որ ծխախոտի և ալկոհոլային խմիչքների համար նախատեսել ենք տարեցտարի դրույքաչափի բարձրացում,  մասնավորապես՝ ծխախոտի արտադրանքի համար յուրաքանչյուր տարի դրույքաչափն արդեն իսկ բարձրացրել ենք 15 տոկոսով, իսկ ալկոհոլային խմիչքների, հատկապես թունդ ալկոհոլային խմիչքների համար՝ տարեկան 30 տոկոսով։ Մնացյալ ապրանքների համար ներդրել ենք դրույքաչափի ինքնաշխատ ճշգրտման համակարգ, օրենքով ամրագրել ենք գործակից, դա երեք տոկոսի չափով գործակիցն է, ըստ որի՝ առանց նոր օրենսդրական փոփոխությունների, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին ակցիզային հարկի դրույքաչափը 3 տոկոսով բարձրանում է, որպեսզի գնահատվող գնաճի տեմպին զուգահեռ բարձրանա նաև ակցիզային հարկի բեռը։ Ու վերջնական նպատակը ապրանքների գների կառուցվածքում ակցիզային հարկի մասնաբաժինը պահպանելն է»,- ասաց նախարարի տեղակալը։  

Նա նաև նշեց, որ իհարկե վերջին շրջանի իրողությունները ցույց են տալիս, որ գնաճն ավելին է, քան երեք տոկոսը, և թերևս հենց դրանով է պայմանավորված այն, որ նախագծով ներկայացված առաջարկներից մեկն այդ 3 տոկոսը 8 տոկոսով փոխարինելն է։  

Ի հավելումն՝ նախարարի տեղակալն ասաց, որ մասնավորապես ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացման այլ՝ ավելի ագրեսիվ      ճանապարհը տրվել էր նաև այն պատճառով, որ բացի այն բանից, որ սրանք վնասակար սպառում ենթադրող ապրանքներ են, նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում իրականացվում է անուղղակի հարկերի, տվյալ դեպքում՝ ակցիզային հարկի դրույքաչափի ներդաշնակեցման քաղաքականություն, և կա նաև ստորագրված համապատասխան համաձայնագիր, ըստ որի՝ երկրները պետք է մոտենային ուղենիշային համարվող դրույքաչափին։  

«Այս ամբողջի համադրմամբ առաջարկվում է ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների պարագայում հետագա բարձրացումը կատարել տարեկան 10 տոկոսի չափով, իսկ մնացյալ ապրանքների դեպքում՝ 8 տոկոսի չափով։ Դա վերջին շրջանի գնաճի ուղենիշային մեծությունն է»,- ասաց նախարարի տեղակալը։ 

Մանրամասները՝ տեսանյութում