Ջերմուկ համայնքում, ինչպես և հանրապետության բազմաթիվ այլ համայնքներում, ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։
Մեզ հետ զրույցում Ջերմուկ համայնքի
ղեկավար Վահագն Արսենյանը տեղեկացրեց, որ 2024 և 2025 թվականների սուբվենցիոն ծրագրերն
իրենք ուղղել են համայնքի Գնդեվազ և Կեչուտ գյուղեր։ Քանի որ Ջերմուկ համայնքում Տարածքային
զարգացման հիմնադրամը մեծ գործեր է իրականացնում, իրենք որոշել են սուբվենցիաներն ուղղել
Կեչուտ և Գնդեվազ գյուղեր, որտեղ խմելու ջրի հարցն են լուծել։ Իսկ 2025 թվականին Կեչուտ
գյուղում լինելու է հանդիսությունների սրահ, ասֆալտապատվելու է գերեզմաններ տանող ճանապարհը,
այնտեղ կառուցվելու են հենապատեր, բնակավայրի ճանապարհը միացվելու է Ջերմուկ տանող
ճանապարհին, որպեսզի մարդիկ կարճացնեն իրենց ճանապարհը, նշյալ հատվածում լինելու է
նաև ավտոբուսի կանգառ։
Նշյալ գյուղերում վաղուց աշխատանքներ
չեն կատարվել, առավել ևս՝ այս ծավալի։
«Դե իհարկե քիչ աշխատանքներ են
կատարվել։ Հիմա սուբվենցիաներն ուղղել ենք գյուղեր։ Բայց լուրջ խնդիրներ գյուղում,
իհարկե, չկան։ Նշեմ նաև, որ Գնդեվազ գյուղում մնացել է մի քանի տոկոս, որ ավարտվի Գնդեվանք
տանող ճեմուղին, որը էլի հիմնադրամի աջակցությամբ է կառուցվում»,- ասաց Վահագն Արսենյանը։
Արսենյանը համայնքը ղեկավարում
է արդեն երեք տարի, և ինչպես ինքը նշեց՝ այս երեք տարվա ընթաքցում գրեթե կատարել է իր նախընտրական բոլոր
խոստումները։
«Ջերմուկ համայնքում արդեն Եղնիկ
տանող ճանապարհն է ավարտված, մոտ 600 միլիոն դրամ արժեր, աշխատանքը կատարվել է Զարգացման
հիմնադրամի և կառավարության հետ միասին։ Իմ անձնական միջոցներով տեղադրել ենք Եղնիկի
նոր արձանը։ Հիմա դրա շարունակությունն են արդեն Ջրվեժ տանող ճանապարհը, հենապատերը,
ասֆալտապատումը, լուսավորությունը և ավտոկայանատեղին։ Դա արդեն տուրիստների համար»,-
ասաց Վահագն Արսենյանը։
Խոսելով նաև զբոսաշրջիկների մասին՝
համայնքապետն ասաց, որ այս տարի նույնպես զբոսաշրջիկների պակաս չունեն։ Նոր տարվա համար
էլ արդեն հյուրանոցների զբաղվածությունը 100 տոկոս է կազմում, տեղեր չկան։ Նա տեղեկացրեց,
որ այս տարի Ջերմուկում բացվել է ևս մեկ առողջարան, մյուսը նախատեսվում է բացել 2025-ի
վերջին, ինչպես նաև կառուցվում է ջրի նոր գործարան։
Համայանքապետը նաև տեղեկացրեց,
որ ներկայումս բանակցում են, որպեսզի մասնավոր և պետություն ներդրման արդյունքում 2025-ին
սկսեն վերակառուցել Ջերմուկի օդանավակայանը, որը չի գործում 90-ականներից սկսած։
«Համարյա թե ավարտել եմ երեք տարվա իմ տված նախընտրական
խոստումները։ Եղնիկ տանող ճանապարհըը, ջրվեժը, նույնիսկ օդանավակայանը չկար, արդեն
օդանավակայանն էլ է լինում, բայց ես խոսք չեմ տվել, որ կլինի։ Ինչ որ խոստացել եմ,
համարյա թե արդեն արված է»,- նշեց համայնքապետը։
Ինչ վերաբերում է Ջերմուկի անվտանգային
հարցերին, համայնքի ղեկավարն ասաց. «Ջերմուկում ջերմուկցին ապրում է իր առօրյա կյանքով,
ու ոչ մի խնդիր իրականում ոչ մեկը ոչ զգում է, ոչ էլ։ Եթե ինչ-որ խնդիր լիներ՝ դժվար
թե ամռանը կամ այս ամիսներին այսքան զբաղվածություն լիներ»։
Ի դեպ, դեկտեմբերի 26-ին և
27-ին Ջերմուկում անցկացվելու է «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով տոնական միջոցառումը,
որի ժամանակ լինելու են համերգներ, ամանորյա տոնավաճառ՝ բոլորին հայտնի «Գալերիայի»
ըմպելասրահի տարածքում։
Բացի դրանից, համայնքապետը տեղեկացրեց,
որ մեծ թափով պատրաստվում են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին, որը տեղի է ունենալու
փետրվարի 1-7-ը, ճոպանուղու բացումը նույնպես նախատեսված է փետրվարի 1-ին. վերանորոգման
փուլն արդեն ավարտվում է։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան