Իշխանությանը հեռացնելու համար 100 մահապարտ որոնող Աղվան Վարդանյանի ցուցակում «մի խումբ ռոմանտիկներ» կլինե՞ն, թե՞ Նաիրի Հունանյանի ճակատագիրը գրավիչ չէ
Իշխանությանը հեռացնելու համար «քաղաքական մահապարտներ» հավաքագրող «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ակնհայտ փորձ կատարեց որոշակի խմբագրելու իր հայտարարությունը։ 

Օրերս 168.am-ին տված հարցազրույցում Վարդանյանը հայտարարել էր, թե  իշխանությանը հեռացնելու համար անհրաժեշտ է 100 տղամարդ, որոնք կունենան նույն նպատակը ու կկանգնեն մինչև վերջ՝ պատրաստ կյանքը զոհելու։ Իսկ հարցազրուցավարի ճշտող հարցին, թե կարո՞ղ են այդ մարդկանց անվանել քաղաքական մահապարտներ, Աղվան Վարդանյանն ասել է, որ կարող են այդպես ասել։ 

«Ընդդիմության դաշտում մենք ունենք այդ 100 մարդը։ Ես նշումներ եմ անում, 200-ից ավելի մարդկանց անուն եմ գրել, բայց նրանք ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ են ու տարբեր տեղերում։ Ստացվում է՝ կա իշխանություն՝ մոնոլիտ, և կա ընդդիմություն՝ բաժան-բաժան՝ անմիաբան, ուստի անհրաժեշտության դեպքում կարող եմ հրապարակել այդ 200-ից ավել մարդու անունը՝ ցույց տալու համար, որ մենք ունենք մարդկային ռեսուրս։ Այդ մարդիկ պետք է զինվորական ռազմական ռեժիմով խնդիրը ձևակերպեն և գնան մինչև վերջ»,- հավելել էր  Վարդանյանը։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանը խոսել է ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով իշխանությանը հեռացնելու մասին, թեև պնդել է, թե այն, ինչ իր հարցազրույցում ասել է բառացի, այդ ամենին տեր է։ 

«Այդ մարդիկ պետք է լինեն պատրաստ, վճռական անձնազոհության, մինչև վերջ գնալու, որպեսզի  այս չարիքից երկիրն ազատենք։  Այդ մարդիկ ամենատարբեր ոլորտների մարդիկ են՝ և՛ քաղաքական գործիչներ, և՛ գործարարներ, և՛ հոգևորականներ, մշակութային գործիչներ, ռազմական գործի մասնագետներ։ Ուղղակի մենք պետք է կարողանանք, պարտադրելով, ստիպելով, ձևավորել հայկական, միևնույն արժեքներով պետական, ազգային  մտածողությամբ առաջնորդվողների էլիտա»,- ասել է Աղվան Վարդանյանը։ 

«Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչության նմանության մասին հարցին Աղվան Վարդանյանը պատասխանել է, թե երևի մարդկանց անհանգստությունը մեջներն է, և դա լավ է։

«Հոկտեմբերի 27-ի մասին  ժամանակը կգա, շատ ավելի բաներ գուցե կբացահայտվեն։ Հոկտեմբերի 27-ը ամեն անգամ օրինակ բերելով, Մարտի 1-ը օրինակ բերելով՝ բացարձակապես անհիմն, զրո հիմնավորմամբ են այդ բաներն ասում»,- ասել է Վարդանյանը։  

Այնուհետև Աղվան Վարդանյանը բացատրել է, որ իր  խնդիրը ոչ թե մեռնելու գնացողներն են, այլ նպատակը 100 «մահապարտի» փրկելը և փրկվելն է։ 

Հիշեցնենք, որ դաշնակցական արմատներ ունեցող Նաիրի Հունանյանին ևս թվում էր, թե ինքը երկիր է փրկում՝ Վազգեն Սարգսյանին և մյուսներին գնդակահարելով։ 

Աղվան Վարդանյանը հրաժարվեց հրապարակել «մահապարտների» ցանկը, թեև չբացառեց, որ որոշների հետ խոսելուց հետո կհրապարակի նաև ցանկը։ Նա նաև նշեց, որ այդ ցանկում իր անունը մոռացել է գրել, բայց՝ վերջում կավելացնի։  

Նշենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձել է Աղվան Վարդանյանի այդ հայտարարությանն ու ասել, որ կարծում է՝ հարցն իրեն ուղղված չէ, այդ հարցով ավելի շատ պետք է Գլխավոր դատախազությունը զբաղվի, որն իրավասու մարմինն է։

«Ինչ վերաբերում է մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցանկում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի այդ խնդիրը լուծելու համար: Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են ընտրել»,- ասել է վարչապետը և հավելել, որ իրենց քաղաքական ուղեգիծն է օրենքի գերակայությունը և օրենքի դիկտատուրան. «Դա մեր նախընտրական թեզն է»։ «Բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում»,- ասել է վարչապետը:  

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, թե ոճրագործները «մի խումբ ռոմանտիկներ են»։

Մնում է հուսալ, որ Վարդանյանի հավաքած խմբում «ռոմանտիզմով» ոգևորվողներ չեն լինի՝ աչքի տակ ունենալով Նաիրի Հունանյանի և մյուսների կարգավիճակը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան