Հունվարի լույս 14-ի գիշերը ուկրաինական անօդաչուները գրոհել են Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններ, այդ թվում՝ Սարատովի, Վորոնեժի և Օրլովի մարզերը, ինչպես նաև Թաթարստանը։
Ռուսաստանի
Դաշնության Տուլայի մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային
հարձակումների, Telegram-ում հայտնել է մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը։
Նա հայտնել է, որ հարձակման
է ենթարկվել Ալեքսին քաղաքը. «Անօդաչուների բեկորների անկման
հետևանքով վնասվել են մի քանի մեքենաների և տնտեսական շինություններ,
ինչպես նաև բնակելի շենքի ապակիներ։ Տուժածներ չկան»։ Ըստ նախնական
տեղեկությունների՝ Տուլայի մարզի ՀՕՊ միջոցներով
ոչնչացվել է 16 ԱԹՍ, հավելել է նահանգապետը։ Թե որ օբյեկտներն են եղել ուկրաինական դրոնների թիրախը՝ նա չի հստակեցրել։
Իսկ Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը Telegram-ում գրել է, որ ԱԹՍ-ների
հարձակման հետևանքով Էնգելս քաղաքում վնասվել է «արդյունաբերական ձեռնարկություն»։
Նահանգապետը չի հայտնել հարձակման մանրամասները և վնասված «արդյունաբերական
ձեռնարկության» անվանումը: Նա միայն նշել է, որ «արտակարգ և օպերատիվ
ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով»։ Մի քանի աղբյուրներ ենթադրում
են, որ դրոնների առաջին ալիքը հարվածել է այն նույն նավթաբազային, որին հարված էր հասցվել
հունվարի 8-ի գիշերը։
Էնգելսում ուկրաինական դրոնների հարձակման պատճառով երեքշաբթի չեղարկվել են
դասերը դպրոցներում։ «ԱԹՍ-ի հարձակման սպառնալիքի պատճառով դպրոցներում դասերը
կանցկացվեն հեռավար ռեժիմով»,- Telegram-ի իր ալիքում գրել է Էնգելսի շրջանի
ղեկավար Միխայիլ Իսաևը։ Ռոման Բուսարգինը համանման որոշում է կայացրել Սարատովի
կրթական հաստատությունների վերաբերյալ։
Հաղորդվում է նաև, որ Կազանում ուկրաինական անօդաչուները հարվածել են «Գազպրոմին»
պատկանող հեղուկ գազի բազան, ինչը հանգեցրել է վառելիքով ցիստեռնների բռնկման:
Միևնույն ժամանակ, «Ռոսավիացիան» հաղորդել է, որ Նիժնեկամսկ քաղաքի «Բեգիշևո»
միջազգային օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռներ ընդունելու
և ուղարկելու վերաբերյալ:
Ռուսական աղբյուրների տեղեկացմամբ՝ դրոնների հարձակումը դեռևս շարունակվում է։