«Կիևի կենտրոնում կանգնեցի ես, ոչ թե Պուտինը». Ջո Բայդենն իր հրաժեշտի ելույթում ծաղրել է ՌԴ նախագահին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեգնական մեկնաբանության օբյեկտը՝ Սպիտակ տնից հեռանալուց առաջ ԱՄՆ նախագահի վերջին ելույթի ժամանակ՝ նվիրված արտաքին քաղաքականությանը։


«Երբ Պուտինը ներխուժեց Ուկրաինա, նա կարծում էր, որ մի քանի օրվա ընթացքում կգրավի Կիևը։ Իրականում այն ժամանակից ի վեր, ինչ սկսվեց պատերազմը, հենց ես կանգնեցի Կիևի կենտրոնում, ոչ թե նա։ Պուտինն այնտեղ չեղավ»,- հայտարարել է Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Պետդեպարտամենտում։


 «Ես միակ գերագույն հրամանատարն եմ, ով այցելել է պատերազմական գոտի, որը չի վերահսկվել ամերիկյան զորքերի կողմից»,- հավելել է ԱՄՆ նախագահը։


Նախագահ Բայդենն իր ելույթում մեծ ուշադրություն է հատկացրել Ուկրաինային։ Նրա խոսքով՝ ինքն իր առջև նպատակ էր դրել կազմակերպել Ուկրաինայի միջազգային աջակցություն, որը պաշտպանվում էր ռուսական ագրեսիայից, և թույլ չտալ միջուկային հակամարտություն։


«Մենք երկու խնդիրն էլ իրականացրինք,- ընդգծել է Ջո Բայդենը։- Մենք դրել ենք այն հիմքը, որի վրա ապագա վարչակազմը կարող է պաշտպանել ուկրաինացի ժողովրդի պայծառ ապագան»։


Ջո Բայդենն իր գլխավոր ձեռքբերումներից է համարել ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու ամրապնդումը, Ուկրաինային աջակցությունը, մեծածավալ ներդրումները Միացյալ Նահանգներում կիսահաղորդիչների արտադրության մեջ, ինչը, նրա խոսքով, կուժեղացնի ԱՄՆ դիրքերը Չինաստանի հետ մրցակցության մեջ։


«Ամերիկան ​​ավելի ուժեղ է դարձել, մեր դաշինքներն ավելի ամուր են դարձել, մեր հակառակորդներն ու մրցակիցները թուլացել են: Եվ մենք չենք պատերազմել այս արդյունքներին հասնելու համար»,- հայտարարել է Ջո Բայդենը: Նա ասել է, որ հաջորդ վարչակազմին թողնում է ամուր դիրքեր: Ամերիկան ​​կրկին դարձել է համաշխարհային առաջնորդ:


Ջո Բայդենի ելույթից ժամեր անց նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստահարցազրույցում այլ գնահատական է ​​տվել հեռացող նախագահի արտաքին քաղաքականությանը. «Դրանք եղել են չորս սարսափելի տարիներ»։