ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ պաշտոնը ստանձնելուց հետո մտադիր է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը ժամանակային շրջանակներ չի նշել։ Նրա խոսքով՝ հանդիպման անցկացումը արագացնելու և հակամարտությունը կարգավորելու ցանկությունը «պայմանավորված է մարտի դաշտում մարդկային մեծաքանակ զոհերով»։
Պատասխանելով պատերազմն ավարտելու իր ռազմավարության մասին հարցին՝ Թրամփը
պատասխանել է, որ կա միայն մեկ ռազմավարություն, և դա «կախված է Պուտինից»: «Դե,
կա միայն մեկ ռազմավարություն, և դա կախված է Պուտինից, և ես չեմ կարող
պատկերացնել, որ նա հիացած է այն ամենով, թե ինչպես ամեն ինչ անցավ, որովհետև նրա
համար դա նույնպես այնքան էլ լավ չի անցել», - ասել է հանրապետականը:
Թրամփը հայտարարել է, որ գիտի՝ Պուտինը «ցանկանում է հանդիպել». «Եվ գիտեմ, որ նա ցանկանում է հանդիպել, և ես
պատրաստվում եմ շատ արագ հանդիպել: Ես դա կանեի ավելի վաղ, բայց... դու պետք է մտնես
գրասենյակ: Որոշ բաների համար պետք է այնտեղ լինել»: