«Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բարդ են, բայց երկխոսությունը շարունակվում է. նախատեսված է Միրզոյանի այցը Մոսկվա». Լավրով

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բարդ են, բայց երկխոսությունը շարունակվում է, և առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամփոփիչ ասուլիսում։


Նա նշել է, որ իր հայ գործընկերն ընդունել է հրավերը։


Միաժամանակ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության վերջին որոշմանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, ինչպես նաև համաձայնել փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կարծիքին ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցելու անհամատեղելիության մասին։


«Դրանք երկու տարբեր համակարգեր են, ազատ առևտրի տարբեր գոտիներ: Բայց դա Երևանի ինքնիշխան իրավունքն է: Այնուամենայնիվ, բոլոր դրական և բացասական կողմերի կշռադատումը նույնպես Հայաստանի կառավարության պատասխանատվությունն է»,- ասել է Լավրովը:


Նա հավելել է, որ գլխավորը ոչ թե փաստաթղթի անվանումն է, այլ այն, թե ինչ է բխում այդ փաստաթղթից։ Ռուսաստանը ևս բազմաթիվ պայմանագրեր ուներ արևմտյան երկրների հետ, և դրանք դասակարգվել են որպես ռազմավարական գործընկերության պայմանագրեր։ Բայց այդ համաձայնագրերը երբեք կողմերից չեն պահանջել հանդես գալ երրորդ երկրների դեմ, ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։


 

Լավրովը նաև հիշեցրել է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն հանուն արդարության նա ընդգծել է, որ Երևանը չի արգելափակում կազմակերպության կողմից որոշումների ընդունումը։ Այդ իսկ պատճառով կազմակերպությունն աշխատում և գործում է։


ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ դեռևս 2022 թվականի աշնանը համաձայնեցվել է ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել՝ սահմանին (Հայաստանի և Ադրբեջանի) զսպիչ դեր խաղալու համար։ Սակայն հայ գործընկերներն այն ժամանակ հրաժարվել են՝ ասելով, որ սահմանին սեպտեմբերյան մարտերի ժամանակ կազմակերպությունը չի պաշտպանել իրենց։


Նա վստահ է, որ Հայաստանից կպահանջվի միանալ պատժամիջոցներին (Ռուսաստանի դեմ), ինչպես դա տեղի ունեցավ Սերբիայի հետ։