Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ ժամանակի ընթացքում Հարավային Կովկասի երկրներն ինքնուրույն կլուծեն տարածաշրջանային խնդիրները։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով «3+3» ձևաչափի պահանջարկը, որում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը։
Նրա խոսքով՝ այս ձևաչափն ամենաարդյունավետն է տարածաշրջանում խնդիրների լուծման համար։ Լավրովն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին միջամտելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի փորձերը միայն բարդացնում են այն։
«Երբ երկրները, որոնք հեռու են
մեր տարածքներից, ավանդույթներից և պատմությունից,
հայտարարում են, որ իրենք են ապահովելու Սյունիքի մարզում անվտանգությունը, դա
հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ ես ամբողջովին չեմ
հասկանում, թե ինչպես կարող է ԵՄ առաքելությունը նման խնդիր կատարել»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել Բրյուսելի և Վաշինգտոնի ձգտման վրա՝ «ցուցադրելու» իրենց մասնակցությունը Հայաստանի և
Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։
«Ես այժմ լսեցի, որ Ադրբեջանն ու
Հայաստանն արդեն գործնականում համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի
շուրջ: Եվ հասկանալի է, որ մնացած երկու հարցերը, դրանք... Դժվար է ինչ-որ կերպ
շրջանցել դրանք: Եվ հենց այդ ժամանակ Եվրահանձնաժողովը, Եվրամիությունը սկսում են
ասել՝ մենք հիմա կգանք, մենք ձեզ կօգնենք: Ադրբեջանի, Հայաստանի ինքնիշխան
որոշումն է, թե որտեղ կստորագրեն փաստաթուղթը, երբ այն կլինի համաձայնեցված: Բայց
Բրյուսելը, Վաշինգտոնը ևս ձգտում են ինչ-որ կերպ ցույց տալ, որ ամեն ինչ իրենք են արել...
Նման ասացվածքներ կան, դրանք այնքան էլ պարկեշտ չեն... Բայց ամեն տեղ ուզում ես
ցույց տալ, որ դու ես տերը»,- հայտարարել
է նա։