«ԵՄ-ի հետ ՀՀ առևտուրը մի քանի անգամ քիչ է, քան ԵԱՏՄ-ի. Երևանի այդ քայլը համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ». Օվերչուկ

ԵՄ-ի հետ Երևանի առևտուրը մի քանի անգամ քիչ է, քան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է: Այս մասին Վիետնամում լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։


«Ստացվել է 11 ամիսների թարմ վիճակագրությունը. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ (Հայաստանի) առևտուրը մի քանի անգամ քիչ է և նվազում է։ Սա այն է, ինչ ասում է տնտեսությունն ու իրականությունը»,- նշել է նա:


«Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի նախաձեռնողները, Օվերչուկի խոսքով, «հիանալի հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ բան է, և, իհարկե, չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտները և առավելությունները, որ նրանք ունեն որպես ԵԱՏՄ անդամ պետություն»։


Երևանն ասում է, որ չի նախատեսում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց կատարել է իրավական առումով նշանակալի քայլ, և մենք դա համարում ենք Միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ, կրկնել է ՌԴ փոխվարչապետը։